Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

05.04.2017

Աշոտ Մանուկյանը ԱՄՀ ներկայացուցիչների հետ քննարկել է էներգետիկ համակարգում նախատեսվող ծրագրերը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը ապրիլի 5-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Հոսսեին Սամիեիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ժամանակ քննարկվել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։

Ողջունելով հյուրերին՝ Աշոտ Մանուկյանը կարևորել է Արժույթի միջազգային հիմնադրամի դերը Հայաստանի էներգետիկ համակարգի զարգացման գործում՝ հույս հայտնելով, որ այդ համագործակցությունը կշարունակվի նաև հետագայում։ Հյուրերի խնդրանքով նախարարը ներկայացրել է ոլորտի ընթացիկ վիճակն ու զարգացման հեռանկարները։ Խոսելով ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի վերաբերյալ, Աշոտ Մանուկյանն ընդգծել է, որ այն նախատեսվում է իրականացնել երեք տարվա ընթացքում։ Աշխատանքները կավարտվեն 2019թ.։ Դա հնարավորություն կտա երկրորդ էներգաբլոկը շահագործել մինչև 2027թ.։ Հյուրերի խնդրանքով նախարարը ներկայացրել է նաև նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ուղղությամբ իրականացվող միջոցառումների ընթացքը։

Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են տարածաշրջանային ինտեգրման ոլորտում կատարվող  աշխատանքներին, ջրային տնտեսության կառավարման որակի բարձրացման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին, էներգետիկ համակարգում նախատեսվող այլ ծրագրերին։