Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

Ծրագրեր - Հայեցակարգեր

Հայեցակարգեր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

 

 

Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգը (այսուհետ` Հայեցակարգ) նպատակաուղղված է ապահովելու Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգությունը` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության դրույթներին համահունչ:

Էներգետիկ անվտանգությունը քաղաքական, տնտեսական, իրավական, կազմակերպական, մեթոդական և այլ բնույթի միջոցառումների համալիր է, որն ապահովում է պետության կարիքների բավարարման համար մատչելի գներով, որակյալ և հուսալի էներգամատակարարում ամենօրյա պայմաններում, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում և պատերազմի ժամանակ:

Հայաստանը որդեգրել է կայուն տնտեսական զարգացման քաղաքականություն, որը ենթադրում է տնտեսության համընթաց զարգացում և այդ ենթատեքստում էներգետիկան, որպես կարևորագույն ոլորտ, կոչված է ապահովելու երկրի այնպիսի առաջընթաց, որը բնապահպանական խնդիրների ներդաշնակեցման և հավասարակշռման միջոցով նախադրյալներ կստեղծի հաջորդ սերունդների կայուն զարգացման համար` միաժամանակ նվազեցնելով էներգիայի կորուստների մակարդակը:

 Մեր երկրի ընդերքի ածխաջրածնային վառելիքի սահմանափակ պաշարների առկայության պայմաններում էներգետիկ ապահովվածության համար հրամայական է դարձել էներգետիկ պաշարների, այդ թվում նաև էներգիայի վերականգնվող աղբյուրների (վերականգնվող էներգետիկա) լայնածավալ օգտագործումն ու լիակատար ներառումը վառելիքաէներգետիկ հաշվեկշռի մեջ:

Քանի որ Հայաստանում բացակայում են արդյունաբերական նշանակություն ունեցող սեփական հանածո վառելիքաէներգետիկ պաշարները, էներգետիկ անվտանգության ապահովման անհրաժեշտությունը պայմանավորված է տնտեսության էներգաարդյունավետության բարձրացմամբ, ատոմային էներգետիկայի զարգացմամբ և վերականգնվող էներգապաշարների արդյունավետ օգտագործմամբ:

Էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է`

1) տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող քաղաքական և սոցիալ-տնտեսական սրընթաց զարգացումներով, համաշխարհային տնտեսական ճգնաժամի, ինչպես նաև հնարավոր արտակարգ իրավիճակների ու պատերազմի պայմաններում Հայաստանի Հանրապետության էներգետիկ անկախության և անվտանգության ապահովմամբ,

2) Եվրամիության, Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և միջազգային կազմակերպությունների կողմից տարածաշրջանում իրականացվող տարածաշրջանային ծրագրերին մեր երկրի պատշաճ ներգրավվածության ապահովմամբ,

3) վառելիքաէներգետիկ ռեսուրսների երկարաժամկետ ռազմավարական պաշարներ ստեղծելու կարևորությամբ:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻԴՐՈԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

Վերականգնվող էներգետիկայի զարգացումը, որի ճյուղն է հանդիսանում հիդրոէներգետիկան, ՀՀ կառավարության գերակայություններից է: Հայաստանի Հանրապետությունում հիդրոէներգետիկայի զարգացման հեռանկարային ծրագրերը, այդ թվում հիդրոէլեկտրակայանների (ՀԷԿ) կառուցումը և թիրախային այլ ցուցանիշները ամրագրվել են ՀՀ մի շարք իրավական ակտերում:

Հայեցակարգում ներկայացված են նաև ոլորտը կարգավորող հիմնական իրավական ակտերը, ինչպես նաև հիդրոէներգետիկայի զարգացման տեսլականը հայեցակարգում  ներկայացված է նաև Էլեկտրաէներգետիկ համակարգում կարգավարման առանձնահատկությունների համատեքստում:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

Հայաստանի Հանրապետության բնական պաշարների կառավարման հայեցակարգի մշակումը նպատակաուղղված է օգտակար հանածոների, հողերի, անտառների, ջրային պաշարների օգտագործման և պահպանության, կենսաբազմազանության ապահովման ոլորտի պետական քաղաքականության հայեցակարգային վերանայմանը և ժամանակակից պահանջներին համահունչ գերակայությունների սահմանմանը:

Հայեցակարգը ձևակերպում է ոլորտում իրականացվող գործունեության նպատակները, պետական կարգավորման սկզբունքները և խնդիրները, ինչպես նաև բնական պաշարների կառավարման համակարգի կատարելագործման և արդիականացման ուղղությունները:

Փաստաթղթի հիմնական նպատակն է բնական պաշարների կառավարման միասնական համակարգի ձևավորումը և զարգացումը` երկրում բնապահպանական անվտանգության մակարդակի բարձրացման, ներկա և ապագա սերունդների կենսական կարիքների բավարարման համար բարենպաստ ու բարեկեցիկ շրջակա միջավայրի, կենսաբանական բազմազանության ու բնական պաշարներով ապահովման ճանապարհով։

 

ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

 

Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգը մշակել է Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը: Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգի նպատակն է նպաստել ոլորտի կայուն զարգացմանը՝ վեր հանելով առկա խնդիրները` հիմք հանդիսանալով հանքարդյանբերության ոլորտի քաղաքականության և ռազմավարության մշակման համար:

Հայեցակարգում ներկայացված է հանքարդյունաբերության ներկա իրավիճակը, անդրադարձ է կատարված առկա խնդիրներին, որոնք խմբավորվել են ութ հիմնական խմբերի մեջ, տրվել են այդ խնդիրների լուծման հնարավոր ուղղությունները: