Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

էներգետիկա - Արևային էներգետիկա

ԱրԵՎային էներգետիկա

ԱՐԵՎԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱ

 

Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ ներուժ (1մ2 հորիզոնական մակերևույթի վրա արևային էներգիայի հոսքի միջին տարեկան արժեքը կազմում է 1720 կվտժ/մ2, իսկ հանրապետության տարածքի մեկ քառորդն օժտված է  տարեկան 1850 կՎտԺ/մ2 ինտենսիվությամբ արևային էներգիայի պաշարներով):

 

Արևային ջերմային էներգիան 

 

Հայաստանում արագորեն զարգանում է արևային ջերմային էներգետիկան:

Մասնավոր հատվածի կողմից ներմուծվում են ինչպես արևային ջրատաքացուցիչ համակարգերի առանձին մասեր, դրանց հետագա հավաքակցման նպատակով, այնպես էլ ամբողջական համակարգեր: Ներկայումս ՀՀ-ում արևային ջրատաքացուցիչների տեղակայանքների կիրառումը բերում է ոչ միայն էներգախնայողության, այլ նաև դառել է տնտեսապես շահավետ:

Հայաստանի չգազաֆիկացված համայնքներում 2017թ. օգոստոսին մեկնարկել է «Էներգաարդյունավետ» վարկային ծրագիրը, որի շրջանակներում 2019թ. մայիսի 31-ին դրությամբ տեղադրվել են թվով 2685 արևային ջրատաքացուցիչ և 101 արևային ֆոտովոլտային համակարգեր:

 

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲԻ ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐ


Արևային էներգիայի զարգացման խթանման նպատակով «Արևային ֆոտովոլտային (ՖՎ) կայանի կառուցման ներդրումային ծրագրի» առաջին փուլով նախատեսված է ՀՀ Գեղարքունիքի մարզի Մասրիկ տեղանքում կառուցել Մասրիկ-1 արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային կայան՝ 55 ՄՎտ պիկային հզորությամբ: Այնուհետև հաջորդելու են ևս 5 կայանների կառուցումը՝ ընդհանուր մոտ 60 ՄՎտ հզորությամբ: 2018 թ. մարտի 21-ին ավարտվել է ՀՀ-ում Մասրիկ-1 55 ՄՎտ պիկային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրի համար հայտարարված միջազգային մրցույթը: Մրցույթի պայմանների համաձայն նվազագույն սակագին է ներկայացրել նիդեռլանդական «Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչըս» և իսպանական «ԷֆԷսԷլ Սոլար» ընկերություններից կազմված կոնսորցիումը: Այն կազմում է 4.19 դոլար ցենտ 1 կՎտxժ-ի համար (մոտ 20.11 ՀՀ դրամ) առանց ԱԱՀ-ի: 2018թ. հուլիսի 18-ին՝ ստորագրվեց «Հայաստանում՝ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում Մասրիկ-1 արևային ֆոտովոլտային (ՖՎ) էլեկտրակայանի նախագծման, ֆինանսավորման, կառուցման, սեփականության իրավունքով տիրապետման և շահագործման մասին» ՀՀ կառավարության աջակցության համաձայնագիրը: 2018 թվականի հոկտեմբերի 25-ին «ԷՖԱՐՎԻ ՄԱՍՐԻԿ» ՓԲԸ-ն (կառուցապատող) ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից (ՀԾԿՀ) ստացել է էլեկտրական էներգիայի արտադրության գործունեության լիցենզիա, իսկ ներդրումների ծավալը գնահատվել է մոտ 58 մլն ԱՄՆ դոլար:

 

   Մինչև 5 ՄՎտ հզորությամբ արևային ՖՎ կայաններում էլեկտաէներգիայի արտադրության համար 27 կազմակերպություններ (գումարային մոտ 63 ՄՎտ հզորությամբ) արդեն լիցենզավորվել են, որից 10-ը (գումարային շուրջ 8.01 ՄՎտ հզորությամբ) արդեն գործարկվել են:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության առաջարկությամբ ՀԾԿՀ-ն իր որոշումներով ամրագրել է ոլորտի կարգավորմանն ուղղված նոր դրույթներ, մասնավորապես սահմանվել են տարեկան գումարային հզորությունների հետևյալ առավելագույն չափաքանակները և սակագնային նոր քաղաքականությունը.

1. Մինչև 2019 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածի համար, արևային էլեկտրակայանների մասով՝ գումարային մինչև 50 ՄՎտ դրվածքային հզորություն: Իսկ 2019 թվականի ընթացքում ևս 50 ՄՎտ դրվածքային հզորություն, միևնույն ժամանակ մինչև 2019 թվականի հունվարի 1-ը ընդհանուր տրամադրված լիցենզիաներով չլրացված հզորությունները 2019 թվականի ընթացքում լրացնելու հնարավորությամբ:

2. Մինչև 2020 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածի համար, վերականգնվող էներգետիկ այլ ռեսուրսներ օգտագործող էլեկտրակայանների մասով լիցենզիաները տրամադրել առանց գումարային հզորության սահմանափակման:

Համաձայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի մայիսի 29-ի թիվ 159-Ն որոշման 2019 թվականի հուլիսի 1-ից մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը արևային էլեկտրակայանների համար, որոնք ունեն մինչև 5 ՄՎտ (ներառյալ) տեղակայված հզորություն սահմանվել է 24,233 ՀՀ դրամ սակագին, իսկ 5 ՄՎտ-ը գերազանցող արևային էլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաներ տրամադրվում են պետություն-մասնավոր գործընկերություն գործարքների շրջանակում։ Այդ սակագինը սահմանվում և վերանայվում է ըստ հանձնաժողովի կողմից 2015 թվականի ապրիլի 22-ի թիվ 88-Ն որոշմամբ ընդունված հստակ մեթոդիկայի: Վերոնշյալ մեթոդիկայի համաձայն յուրաքանչյուր տարեվերջին ինդեքսավորվում է արևային ՖՎ էլեկտրակայանների համար սահմանված սակագինը՝ կախված դոլարի համեմատ ՀՀ դրամի տատանումներից, որոշակի ժամանակահատվածի համար և կախված Հայաստանում սպառողական գների փոփոխությունից: 

 

Ինքնավար էներգաարտադրողներ 


  Մինչև 500 կՎտ հզորություն ունեցող 1233 ինքնավար էներգաարտադրողներին 01.07.2019թ. դրությամբ տրվել են տեխնիկական պայմաններ (գումարային շուրջ 19,3 ՄՎտ հզորությամբ), որից 1144-ն արդեն միացել են էլեկտրաէներգետիկ համակարգին (գումարային շուրջ 16.9 ՄՎտ հզորությամբ): 

 

Ուղեցույց ինքնավար արևային կայանների կառուցման և  ցանցին միանալու վերաբերյալ


1. Ինքնավար էներգաարտադրողը՝ ֆիզիկական անձը կամ իրավաբանական անձը սեփական կարիքները բավարարելու համար կարող է կառուցել մինչև 150 կՎտ հզորությամբ արևային տեղակայանք առանց լիցենզիայի (ԷՄՕ Հոդված 23): Իրավաբանական անձանց համար՝ այդ սահմանաչափը հասցվել է 500 կՎտ-ի, իսկ ֆիզիկական անձանց համար այն մնացել է 150 կՎտ:

2. Սպառողի տեխնոլոգիական միացումը էլեկտրական ցանցին կատարվում է իր դիմումի համաձայն: Պետք է դիմել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ (Բաշխող) տեղամաս Մատակարար ըստ միացվող էլեկտրատեղակայանքի տարածքային պատկանելիության: Կնքվում է նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման պայմանագիր: Պայմանագրի համաձայն Մատակարարն իրականացնում է նոր սպառողի կամ կառուցապատողի կամ սպառման համակարգը վերակառուցող սպառողի  (Պատվիրատու),  սպառման համակարգի միացումն էլեկտրական ցանցին, իսկ Պատվիրատուն պարտավորվում է վճարել իր սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելու համար:

3. Այնուհետև տեղադրվում են դարձափոխիչային ռեվերսային բազմասակագնային էլեկտրոնային հաշվիչներ, որոնց ձեռքբերման և սպասարկման հետ կապված հարցերը կարգավորվում են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (Հանձնաժողով)  կողմից հաստատված՝ էլեկտրական էներգիայի մատակարարարման և օգտագործման կանոններով (Հանձնաժողովի 27.12.2006թ թիվ 358-Ն որոշում):

4. Բաշխողի կողմից Ինքնավար էներգաարտադրողին մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց վճարման ենթակա գումարների հաշվարկը և Ինքնավար էներգաարտադրողի կողմից Բաշխողին վճարումը կատարվում են ամսական, իսկ Ինքնավար էներգաարտադրողի կողմից Բաշխողին մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց վճարման ենթակա գումարների հաշվարկը, վերջնահաշվարկը և Բաշխողի կողմից Ինքնավար էներգաարտադրողին վճարումը` տարեկան արդյունքով:

Եթե տարեկան հաշվարկի արդյունքում ինքնավար էներգաարտադրողի կողմից մատակարարված էլեկտրական էներգիայի մեծությունը բացասական է, ապա Բաշխողն այդ չափով վերադարձնում է: Եթե տարեկան հաշվարկի արդյունքում ինքնավար էներգաարտադրողի կողմից տված էլեկտրական էներգիայի մեծությունը դրական է, ապա ինքնավար էներգաարտադրողին փոխհատուցվում է Հանձնաժողովի կողմից սահմանված սակագնի 50 տոկոսի չափով (2004թ. նոյեմբերի 9-ին ընդունված ՀՀ օրենքը «էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին»):

5.Ինքնավար էներգաարտադրողների էլեկտրաէներգետիկական համակարգի հետ զուգահեռ աշխատանքի վերաբերյալ հարկային կարգավորումները` 2016 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն:

 

Ուղեցույց արդյունաբերական մասշտաբի արևային էլեկտրակայան կառուցելու համար


Եթե գործարարը ցանկանում է կառուցել արևային էլեկտրակայան, ապա անհրաժեշտ է.

1. Ընտրել տեղանքը (ընտրությունը հնարավոր է կատարել օգտվելով արևային ուղեցուցային քարտեզից, տես` http://minenergy.am/storage/hh_taracqum_arevayin_neruji_qartezner.pdf.

2. Ձեռք բերել հողօգտագործման իրավունք և ըստ անհրաժեշտության համապատասխանեցնել հողի նպատակային նշանակությունը (կատեգորիան)` փոխելով «էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների» հողերի

3. Կազմել ներդրումային (գործարար) ծրագիր:

4. Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման վերաբերյալ տեղեկություններ  ստանալու համար այցելել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի  էլ.կայք՝ www.psrc.am «տեղեկություն ներդրողին» բաժին:

5. Դիմել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու համար:

6. Մասնագիտական անվճար խորհրդատվության համար դիմել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամին` www.r2e2.am և/կամ Գերմանա-հայկական հիմնադրամին` www.gaf.am (այստեղ հնարավոր է ստանալ նաև արտոնյալ վարկավորում):

7. Կատարելով վերոնշյալ լիցենզիայի պայմանները՝ կառուցել արևային էլեկտրակայան: