Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

Բնական պաշարներ - Ընդհանուր տեղեկություններ

Ընդհանուր տեղեկություններ

Ընդհանուր տեղեկություններ  

 

Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը ազգային տնտեսության մեջ ունի   առանցքային մասնաբաժին: Հայաստանից արտահանվող նյութերի առնվազն կեսը բաժին է ընկնում հանքային խտանյութերին և մետաղներին, որոնք երկրից արտահանվող արտադրանքների ցուցակում առավել կարևոր տեղ են զբաղեցնում:        

Օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռում ներկայումս հաշվառված են  հաստատված պաշարներով օգտակար հանածոների շուրջ 871 հանքավայրեր (43 մետաղական, 760 ոչ մետաղական, 44  ստորերկրյա քաղցրահամ և 24  հանքային ջրերի), ինչպես նաև օգտակար հանածոների 580 հանքերևակումներ (131 մետաղական և 449 ոչ մետաղական), օգտակար հանածոների ավելի քան 130 տեսակներ, որոնցից շուրջ 25-ը՝ մետաղական։

Հայաստանի Հանրապետության ընդերքը հարուստ է հետևյալ մետաղական օգտակար հանածոների տեսակներով` երկաթ, պղինձ, մոլիբդեն, կապար, ցինկ, ոսկի, արծաթ, ծարիր, ալյումին, ինչպես նաև դրանցում պարփակված հազվագյուտ ու ցրված մետաղներով:

Մետաղական օգտակար հանածոների թվում առկա են  7 պղնձամոլիբդենային, 4 պղնձի, 24 ոսկու և ոսկի-բազմամետաղային, 2 բազմամետաղային, 1 մոլիբդենային, 1 ալյումինահանքային, 1 մագնեզիումասիլիկատային ապարների և քրոմիտի, 3 երկաթահանքային հանքավայրեր: Պետական հաշվեկշռում գրանցված հանքավայրերի հանքաքարերում, բացի հիմնական մետաղներից, բացահայտված է հազվադեպ և ցրված տարրերի առկայություն` ռենիում, սելեն, թելուր, կադմիում, ինդիմում, հելիում, թալիում, բիսմութ և այլն:

Ներկայումս Հայաստանի լեռնամետալուրգիական համալիրի համար վերջնական արտադրանքը հիմնականում խտանյութերն են (պղնձի, մոլիբդենի, ցինկի, որոշ դեպքերում` ոսկու և արծաթի բարձր պարունակությամբ, մոտ հեռանկարում` նաև կապարի խտանյութեր), ինչը թույլ չի տալիս ամբողջովին օգտագործել հանքավայրերի տնտեսական ներուժը: Հայաստանում արդյունահանվող մետաղական օգտակար հանածոների վերամշակման արտադրության կազմակերպումը փակ և ավարտուն ցիկլերով` հանույթից մինչև պատրաստի արտադրանքի ստեղծում, հնարավորություն կտա ստանալ բարձր արժողությամբ արտադրանքի, որն էլ կապահովի ՀՆԱ-ի աճ:

Հանրապետության տարածքում առկա են օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման ընթացքում առաջացող թափոնների կուտակման 21 պոչամբարներ, որոնց ծավալներն անցնում են մի քանի մլն. խմ-ից և զբաղեցնում են մոտ 700 հա ընդհանուր մակերես: Ներկայումս պոչամբարներում կուտակված օգտակար հանածոների արդյունահանման և վերամշակման արդյունքում առաջացած արտադրական թափոնները չեն օգտագործվում, չնայած դրանք պարունակում են մեծ քանակությամբ բազմամետաղներ:

Ոչ մետաղական հանքային պաշարների հարստությամբ ու բազմազանությամբ Հայաստանի Հանրապետությունն աշխարհում առաջատար տեղ է գրավում: Հանրապետության փոքրիկ տարածքում հանդիպում են աշխարհում հայտնի գրեթե բոլոր տեսակի հանքանյութային ապարները: Հատուկ  արժեք  ու նշանակություն ունեն Հայաստանի տարածքում հրաբխային պրոցեսների արդյունքում առաջացած լեռնային  ապարները, որոնցից են  թեթև  ապարները` տուֆ, պեռլիտ, պեմզա, ցեոլիտ, հրաբխային խարամներ և այլն: Բազալտի, գրանիտի, նեֆելինային սիենիտի, մարմարի տարբեր տեսակների պաշարները մեծածավալ են:

Հայաստանում են գտնվում աշխարհում ամենաորակյալ և ամենաշատ փքվող լեռնային ապարների՝ պեռլիտ, օբսիդիան և այլն, պաշարները: Արագած-պեռլիտի հաստատագրված պաշարները կազմում են 150 մլն. խմ, իսկ կանխատեսվող պաշարների ընդհանուր քանակը հասնում է մինչև 3 մլրդ խմ-ի: Հայաստանում  քարտեզագրված են 100-ից ավելի բազալտի, անդեզիտի հանքավայրեր, որոնցից մի քանիսը միակն են իրենց բաղադրությամբ (Խալաջի բազալտի հանքանյութի MgO-ի պարունակությունը հասնում է մինչև 11%): Իրենց նշանակությամբ և որակական ցուցանիշներով  անգնահատելի են Հայաստանի տարածքում գործող քվարցիտների, կարբոնատների, ցեոլիտների, հրաբխային խարամների և պեմզաների, կավերի, բենտոնիտների, դիատոմիտների, գիպսի հանքավայրերը`  մեծ պաշարներով: 

 

2018 թվականի ընթացքում

 

1. ՀՀ  կառավարության 2018 թ. փետրվարի 22-ի նիստի N 7 արձանագրային որոշման 29-րդ կետով հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության բնական պաշարների կառավարման ռազմավարությունը:

2. Ընդերքօգտագործման իրավունքի մրցակցային տրամադրման, ընդերքի արդյունավետ և պատասխանատու օգտագործման, ինչպես նաև թափանցիկության ապահովման նպատակով մշակվել և 2018 թվական մարտի 21-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվել են «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-191-Ն, «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-192-Ն և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՕ-193-Ն օրենքները:

3. ՀՀ կառավարության կողմից  2018 թվականի  հունիսի 8-ին ընդունվել է՝ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) շրջանակում ընդունված օրենքներից բխող (ՀՀ 2018թ. մարտի 21-ի թիվ ՀՕ-191-Ն, ՀՕ-192-Ն, ՀՕ-193-Ն օրենքներ) «Ընդերքօգտագործման հետ կապված գործունեության վերաբերյալ օգտակար հանածոյի արդյունահանման և օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկր­բանական ուսումնասիրության մասով գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը  հրապարակելու կարգը, ժամկետները և ձևերը, մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն ստացած ընդերքօգտագործողների գործունեության վերաբերյալ հրապարակային հաշվետվությունը  ներկայացնելու կարգը, ժամկետները և ձևերը, ինչպես նաև պետական մարմինների ցանկը սահմանելու մասին»  N  666–Ն որոշումը:

4. ՀՀ կառավարության կայքում՝ (www.gov.am) Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության՝ ԱՃԹՆ-ի հայաստանյան գործընթացը բաժնում հրապարակվել է ոլորտի իրական սեփականատերերի բացահայտման ճանապարհային քարտեզը (http://www.gov.am/u_files/file/ardyunaberakan-cragir/BO%20roadmap_draft_ARM.pdf ) :

5. ՀՀ-ի կողմից ԱՃԹՆ/EITI-ի (Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռ­նություն) շրջանակում՝ հանքարդյունաբերության ոլորտում իրականացվող միջո­ցառումների վերաբերյալ  տարեկան ազգային զեկույցը հրապարակվել է www.eiti.am կայքում: