Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

էներգետիկա » Հողմաէներգետիկա

Հողմաէներգետիկա

Հողմաէներգետիկ ծրագրեր 

Հայաստանի Հանրապետությունում 

2003 թվականին մշակվել են Հայաստանի հողմաէներգետիկ պաշարների քարտեզները, ըստ որոնց տնտեսապես շահավետ հողմաէլեկտրակայանների ընդհանուր հզորությունը գնահատվում է մոտ 450 ՄՎտ և 1.26 մլրդ. կվտժ էլ. էներգիայի տարեկան արտադրանքով: Առանձնացվել են հիմնական հեռանկարային տեղանքները` Զոդի լեռնանցք, Բազումի լեռներ՝ Քարախաչի և Պուշկինի լեռնանցքներ, Ջաջուռի լեռնանցք, Գեղամա լեռների շրջանը, Սևանի լեռնանցքը, Ապարանի շրջանը, Սիսիանի և Գորիսի միջև գտնվող բարձունքային գոտին և Մեղրիի շրջանը:

 

 

2005 թվականի դեկտեմբերին Պուշկինի լեռնանցքում շահագործման հանձնվեց Հայաստանում, ինչպես նաև Կովկասում, առաջին ցանցային հողմաէլեկտրակայանը` 2.6 ՄՎտ ընդհանուր հզորությամբ: Նշված տեղանքում նախատեսվում է կառուցել մինչև 50 ՄՎտ ընդհանուր հզորությամբ հողմաէլեկտրակայան:

 

Եվրամիության ծրագրի շրջանակներում ավարտվել են մոնիթորինգային աշխատանքները Սևանի Սեմյոնովկա լեռնանցքում և կազմվել է նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումը 35 Մվտ գումարային դրվածքային հզորությամբ հողմաէլեկտրակայանի կառուցման համար:

 

«Ar Energy» հայ-իտալական մասնավոր ընկերության կողմից իրականացվել են  Շիրակի մարզի Քարախաչ լեռնանցքի տարածքի հողմաէներգետիկ ծրագրի մոնիթորինգային աշխատանքները` 140 Մվտ հզորությամբ հողմակայան կառուցելու նպատակով:

Գեղարքունիքի մարզի Սոտքի լեռնանցքի տարածքում իրականացվել են հողմաէներգետիկ ծրագրի մոնիթորինգային աշխատանքները` 20 Մվտ հզորությամբ հողմակայան կառուցելու նպատակով:

«Ar Energy» և «Zod Wind» մասնավոր ՓԲԸ-րը բանակցություններ են վարում տարբեր  կազմակերպությունների հետ «Քարախաչ 1» և «Զոդ» հողմաէլեկտրակայանների կառուցման նպատակով ներդրումներ ներգրավելու ուղղությամբ:

 

 

   Ամփոփելով օրենսդրական ակտերը՝ անհրաժեշտ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունում ստեղծված են բազմաթիվ մեխանիզմներ խթանելու վերականգնվող էներգետիկ աղբյուրների օգտագործումը՝ օրինակ.

   2001 թվականի մարտի 7-ին ընդունված «էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի համաձայն` տասնհինգ տարվա ընթացքում փոքր հիդրոէլեկտրակայանների կողմից և էներգիայի վերականգնվող այլ ռեսուրսների (հողմային, արեգակնային, երկրաջերմային և կենսազանգվածի) կիրառմամբ էլեկտրակայանների կողմից քսան տարվա ընթացքում արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիան (հզորությունը) ենթակա է գնման` շուկայի կանոններով սահմանված կարգով:

   Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ հավանության է արժանացել ՀՀ տարածքում վերականգնվող էներգետիկ աղբյուրների կիրառմամբ արտադրվող էլեկտրաէներգիայի սակագնի հաշվարկման մեթոդիկան, ըստ որի տարեկան կտրվածքով սահմանվում է սակագին նաև հողմաէներգետիկայի համար: Համաձայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի մայիսի 25-ի թիվ 128-Ն որոշման հողմաէներգետիկայի սակագինը 2016 թվականի հուլիսի 1-ից մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը կազմում է 42,645 դրամ առանց ԱԱՀ: Վերոնշյալ մեթոդիկայի համաձայն յուրաքանչյուր տարեվերջին ինդեքսավորվում է հողմաէներգետիկայի սակագինը՝ կախված դոլարի համեմատ ՀՀ դրամի տատանումներից որոշակի ժամանակահատվածի համար և կախված Հայաստանում սպառողական գների փոփոխությունից: Այդ սակագինը սահմանվում և վերանայվում է ըստ հանձաժողովի կողմից 2015 թվականի ապրիլի 22-ի թիվ 88-Ն որոշմամբ ընդունված հստակ մեթոդիկայի: