էներգետիկա - Ջերմաէներգետիկա
Վառելիքաէներգետիկ  սահմանափակ պաշարներ ունեցող ԽՍՀՄ-ի հարավային շրջաններում  էլեկտրաէներգիայի արտադրությունը իրականացվել է ջերմաֆիկացման բազայի վրա:  Այդ պատճառով, Հայաստանի արդյունաբերական էներգատար կենտրոններում սկսվեց  ջերմաէլեկտրակենտրոնների կառուցումը. 1960թ.՝ Երեւանում, 1961թ.՝  Վանաձորում, 1963թ.՝ Հրազդանում: Երեւանի ջէկի (Երջէկ) նախագծման  մանրակրկիտ տեխնիկական առաջադրանքը պատրաստվել է դեռեւս 1959թ.: 
Երջէկը կառուցեց Հայհիդրոէներգաշին շինարարական վարչությունը:
"Հրազդան  ջէկ" ձեռնարկությունը հիմնվել է 1965թ: Հրազդանի ջէկի էլեկտրական  հզորությունը 1969թ. հասավ 300Մվտ-ի, իսկ ջերմության առաքման հզորությունը`  560Հկալ/ժ-ի (650ՄՎտ): Սակայն լեռնաքիմիական կոմբինատի չավարտված  շինարարությունը հանգեցրեց միացքների ջերմային թերբեռնման: Այսպես, կայանը  1972թ. առաքել է մոտ 2 մլրդ կՎտ.ժ էլեկտրաէներգիա, որի 6%-ը արտադրվել է  ջերմաֆիկացման ռեժիմով: