Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

էներգետիկա - Հիդրոէներգետիկա

Հիդրոէներգետիկա

ՀԻԴՐՈԷՆԵՐԳԵՏԻԿԱ

 

Հայաստանում գործնականում չկան էներգետիկ հանածոներ և էլեկտրաէներգիայի սեփական աղբյուրներից են համարվում ջրային էներգապաշարները:

            Հայաստանի գետերը պատկանում են Կասպից ծովի ավազանին՝ բոլորն էլ հիմնականում Կուր գետի տարբեր կարգի վտակներն են: Դրանցից միայն առանձնանում են Սևանա լիճ թափվող գետերը, որոնք այստեղ են հոսում լիճը եզերող լեռնալանջերից: Հայաստանի տարածքի 73.5%-ը Արաքս գետի ավազանն է: Հայաստանում կա ավելի քան 200 գետ և գետակ՝ յուրաքանչյուրը 10կմ և ավելի երկարությամբ: Առավելագույն էներգետիկ պոտենցիալով օժտված են Սևանից սկիզբ առնող Հրազդան, ինչպես նաև Արաքս, Որոտան և Դեբեդ գետերը:

            Հայաստանի պոտենցիալ ջրային էներգապաշարները կազմում են 21.8 մլրդ կՎտ.ժ, այդ թվում՝ խոշոր և միջին գետերինը՝18.6 մլրդ կՎտ.ժ, փոքր գետերինը՝ 3.2 մլրդ կՎտ.ժ:

            Մինչև առաջին համաշխարհային պատերազմը Հայաստանում կառուցվել և գործարկվել է 2155կՎտ գումարային հզորության 9 փոքր ՀԷԿ-եր: 1913թ. Էլեկտրաէներգիայի արտադրանքը կազմել է 5.1 մլն կՎտ.ժ:

            Հանրապետությունում հիդրոէներգետիկայի և ջրային տնտեսության օբյեկտների նախագծումն ու շինարարությունը սկսվեց 1920-ական թվականներին: 1920-30-ական թվականներին կառուցվեցին Երևանի N 1 ՀԷԿ-ը, Գյումրիի ՀԷԿ-ը և Երևանի N 2 ՀԷԿ-ը: 1927թ. սկսվեց Ձորագետի ՀԷԿ-ի շինարարությունը: ՁորաՀԷԿ-ի 7400կՎտ հզորությամբ առաջին միացքը շահագործման հանձնվեց 1932թ., մեկ տարի անց կայանն աշխատում էր լրիվ սահմանված` 22320կՎտ հզորությամբ, ըստ ջրի քանակի` տարեկան միջին 14920կՎտ հզորությամբ: Էներգետիկական հզոր բազայի ստեղծումը առավել մատչելի դարձավ Հրազդան գետի և Սևանա լճի յուրացումից:

            Հայաստանում ներկա դրությամբ վերականգնվող էներգետիկ պաշարներից ամենաշատն օգտագործվում են հիդրոպաշարները: Ամբողջ հիդրոներուժի իրացումը հնարավոր է ապահովել` օգտագործելով գոյություն ունեցող երկու խոշոր հիդրոէլեկտրակայանների համալիրները՝ Սևան-Հրազդան ու Որոտան,  կառուցելով երեք նոր խոշոր ՀԷԿ-եր և յուրացնելով փոքր ՀԷԿ-երի ներուժը:

             Սևան-Հրազդան ՀԷԿ-երի համալիր

            Սևան-Հրազդան ՀԷԿ-երի համալիրի կազմի մեջ են մտնում յոթ ՀԷԿ-եր` Սևանի (34 ՄՎտ), Հրազդանի (81 ՄՎտ), Արգելի (224 ՄՎտ), Արզնիի (70 ՄՎտ), Քանաքեռի (102 ՄՎտ), Երևան-1-ի (44 ՄՎտ) և Երևան-3-ի (5 ՄՎտ) ՀԷԿ-երը, որոնց գումարային տեղակայված հզորությունը կազմում է 560 ՄՎտ, իսկ տարեկան նախագծային արտադրանքը՝ 2.32 մլրդ.կՎտ.ժամ: ՀԷԿ-երը գտնվում են Հրազդան գետի վրա և ներկայումս օգտագործում են Սևանից հոսող ոռոգման և Հրազդան գետի վտակների ջրերը:

             Որոտանի ՀԷԿ-երի համալիր

            Որոտանի հիդրոէլեկտրակայանների համակարգը բաղկացած է 4 էլեկտրակայաններից, որոնք տեղաբաշխված են Որոտան գետի վրա, Սյունիքի մարզի տարածքում եւ օգտագործում են ինչպես գետի հունի, այնպես էլ վտակների ջրերը: Հիդրոէլեկտրակայանների համակարգը կազմված է` Սպանդարյան (76 ՄՎտ), Շամբ (171 ՄՎտ) և Տաթև (157.2 ՄՎտ) ՀԷԿ-րից, որոնց գումարային տեղակայված հզորությունը կազմում է 404.2 ՄՎտ, տարեկան նախագծային արտադրանքը՝ 1.16 մլրդ կՎտ.ժամ:

 

Հայաստանի փոքր ՀԷԿ-երը

Հայաստանում փոքր ՀԷԿ-երի (ՓՀԷԿ) կառուցման գործընթացը համարվում է որպես վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման առաջատար ուղղություն:

Հանրապետությունում նախագծվող, կառուցվող և շահագործվող ՓՀԷԿ-երի մեծամասնությունը հանդիսանում է բնական ջրահոսքերի վրա տեղակայված դերիվացիոն տիպի կայաններ:

 

2019 թվականի արդյունքներով արձանագրում ենք, որ 

2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ էլ. էներգիա են արտադրել 187 փոքր ՀԷԿ-եր, որոնց գումարային դրվածքային հզորությունը կազմել է մոտ 370ՄՎտ: 2018թ. էլ. էներգիայի արտադրությունը փոքր ՀԷԿ-երի կողմից կազմել է մոտ 1 մլրդ. կՎտxժ: Ըստ տրամադրված լիցենզիաների 2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կառուցման փուլում են գտնվում ևս 28 ՓՀԷԿ, նախագծային մոտ 59 ՄՎտ գումարային հզորությամբ և 203 մլն.կՎտxժ էլ. էներգիայի տարեկան արտադրությամբ: 

ՓՀԷԿ-երում ներդրումների ընդհանուր գումարային ծավալը գնահատվել է շուրջ 1 մլրդ․ ԱՄՆ դոլար։  

Անհրաժեշտ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունում ստեղծված են բազմաթիվ մեխանիզմներ խթանելու վերականգնվող էներգետիկ աղբյուրների օգտագործմամբ էլեկտրաէներգիայի արտադրությունը.

            2001 թվականի մարտի 7-ին ընդունված «էներգետիկայի մասինե ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի գ) ենթակետի համաձայն` տասնհինգ տարվա ընթացքում փոքր հիդրոէլեկտրակայանների կողմից և էներգիայի վերականգնվող այլ ռեսուրսների (հողմային, արեգակնային, երկրաջերմային և կենսազանգվածի) կիրառմամբ էլեկտրակայանների կողմից քսան տարվա ընթացքում արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիան (հզորությունը) ենթակա է գնման` շուկայի կանոններով սահմանված կարգով:

            Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ հավանության է արժանացել ՀՀ տարածքում վերականգնվող էներգետիկ աղբյուրների կիրառմամբ արտադրվող էլեկտրաէներգիայի սակագնի հաշվարկման մեթոդիկան, ըստ որի տարեկան կտրվածքով սահմանվում է սակագին նաև հիդրոէներգետիկայի համար: Համաձայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի մայիսի 29-ի թիվ 159-Ն որոշման 2019 թվականի հուլիսի 1-ից մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը բնական ջրահոսքերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը կազմում է՝ 24.276 դրամ/կՎտxժ` առանց ԱԱՀ, ոռոգման համակարգերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 16.181 դրամ/կՎտxժ առանց ԱԱՀ, խմելու ջրատարների վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 10.788 դրամ/կՎտxժ: Այդ սակագինը սահմանվում և վերանայվում է ըստ հանձնաժողովի կողմից 2015 թվականի ապրիլի 22-ի թիվ 88-Ն որոշմամբ ընդունված հստակ մեթոդիկայի:Վերոնշյալ մեթոդիկայի համաձայն յուրաքանչյուր տարեվերջին ինդեքսավորվում է հիդրոէներգետիկայի սակագինը՝ կախված դոլարի համեմատ ՀՀ դրամի տատանումներից, որոշակի ժամանակահատվածի համար և կախված Հայաստանում սպառողական գների փոփոխությունից:

 

 

 

ՈՒՂԵՑՈՒՅՑ

Հայաստանի Հանրապետությունում փոքր հիդրոէլեկտրակայանի (ՓՀԷԿ) կառուցման 

 

Ինչ պետք է առաջնայինը  իմանա գործարարը մինչև ՓՀԷԿ կառուցելու համար որոշում կայացնելը 

 

-    2001 թվականի մարտի 7-ին ընդունված «էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի համաձայն` «Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձի համար ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (Հանձնաժողով) կողմից էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումն (յուրաքանչյուր ՓՀԷԿ-ի մասով որոշումը) ուժի մեջ մտնելու պահից տասնհինգ տարվա ընթացքում փոքր հիդրոէլեկտրակայանների (մինչև 30 ՄՎտ դրվածքային հզորությամբ) կողմից արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիան (հզորությունը) ենթակա է գնման` շուկայի կանոններով սահմանված կարգով:

-    Հանձնաժողովի 2019թ. մայիսի 29-ի № 159-Ն որոշմամբ սահմանվել են 2019 թվականի հուլիսի 1-ից մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը բնական ջրահոսքերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը՝ 24.276 դրամ/կՎտxժ` առանց ԱԱՀ, ոռոգման համակարգերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 16.181 դրամ/կՎտxժ առանց ԱԱՀ և խմելու ջրատարների վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 10.788 դրամ/կՎտxժ: Այդ սակագները սահմանվում և վերանայվում են ըստ Հանձնաժողովի կողմից 2015 թվականի ապրիլի 22-ի թիվ 88-Ն որոշմամբ ընդունված հստակ մեթոդիկայի: Վերոնշյալ մեթոդիկայի համաձայն յուրաքանչյուր տարեվերջին ինդեքսավորվում են հիդրոէներգետիկայի սակագները՝ կախված ԱՄՆ դոլարի համեմատ ՀՀ դրամի տատանումներից, որոշակի ժամանակահատվածի համար և կախված Հայաստանում սպառողական գների փոփոխությունից:

 

Եթե գործարարը ցանկանում է կառուցել ՓՀԷԿ, ապա ինչ հիմնական քայլեր է անհրաժեշտ իրականացնել.

 

1. Ընտրել տեղանքը.

2. Համաձայն ՀՀ հողային օրենսգրքի ձեռք բերել հողօգտագործման իրավունք և ըստ անհրաժեշտության համապատասխանեցնել հողի նպատակային նշանակությունը (կատեգորիան)` փոխելով «էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների» հողերի։

3. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013թ. նոյեմբերի 1-ի № 374Ն որոշմամբ հաստատված «Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգի» համաձայն կազմել ներդրումային (գործարար) ծրագիր, ստանալ ջրօգտագործման թույլտվություն (համաձայն ՀՀ ջրային օրենսգրքի), կնքել այլ անձի (անձանց) պատկանող հիդրոկառույցը օգտագործելու (հիդրոկառույցից օգտվելու) վերաբերյալ պայմանագիրը կամ ստանալ հիդրոկառույցին միացման թույլտվությունը՝ միայն խմելու ջրատարների կամ ոռոգման համակարգերի վրա կառուցվող հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության համար, վճարել երաշխիքային գումարը և կատարել որոշմամբ պայմանավորված այլ պահանջները:

4. Հայտով դիմել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա (Լիցենզիա) ստանալու համար:

5. ՓՀԷԿ-ը  կառուցելու նպատակով, Լիցենզիայով պայմանավորված ժամկետների շրջանակներում ապահովել՝ ՓՀԷԿ-ի կառուցման նախագծա-նախահաշվային փաստաթղթերը (այդ թվում էլեկտրաէներգետիկ համակարգին միանալու համար «ՀԷՑ» ՓԲԸ-ի կողմից տրամադրվող տեխնիկական պայմանների շրջանակներում), քաղաքաշինության բնագավառում փորձաքննական և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եզրակացությունները:

6. Կատարելով վերոնշյալ Լիցենզիայով պայմանավորված պայմանները՝ կառուցել ՓՀԷԿ-ը։

7. Մինչև լիցենզիայով սահմանված կառուցման ժամանակահատվածի ավարտը կատարել կարգաբերման-գործարկման աշխատանքներ և դիմել Հանձնաժողով՝ ներկայացնելով ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտի և ավարտական ակտի (շահագործման թույլտվության) պատճենները։

8․ Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ  ստանալու համար այցելել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի  վեբ.կայք՝  www.psrc.am, «տեղեկություններ ներդրողին» բաժին: