Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

էներգետիկա » Համակարգի ընկերություններ » Որոտանի ՀԷԿ-երի համակարգ

Որոտանի ՀԷԿ-երի համակարգ

Որոտանի հիդրոէլեկտրակայանների համակարգը բաղկացած է  3 էլեկտրակայաններից, որոնք տեղաբաշխված են Որոտան գետի վրա, Սյունիքի մարզի (նախկին Սիսիանի և Գորիսի շրջաններ) տարածքում և օգտագործվում են ինչպես գետի հունի, այնպես էլ վտակների ջրերը: 

Գետը ունի 178 կմ երկարություն, անկումը կազմում է 1223 մ, բնական միջին տարեկան հոսքը՝ 18,6 մ.խոր/վրկ Տաթևի հանգույցի համար: Հյուսիսից, հարավից և արևելքից գետի ավազանին միակցված են բարձր լեռնաշղթաներ, արևմուտքից և հարավ-արևմուտքից՝ Զանգեզուրյան լեռնաշղթան:

Գետի ակունքը գտնվում է 3045 մ բարձրության վրա, այն սկիզբ է առնում վտակի տեսքով` ընթացքում ընդունելով բազմաթիվ առուներ և վտակներ, ինչպես ձախից, այնպես էլ աջից:

Հիդրոէլեկտրակայանների համակարգը կազմված է երեք աստիճանից: Գումարային տեղակայված հզորությունը կազմում է 404.2 մՎտ, տարեկան միջին նախագծային արտադրանքը՝ 1.16 մլրդ կՎտ. ժամ:

Ամենաբարձր ճնշումային կայանը հանդիսանում է համակարգի 3-րդ աստիճանը՝ Տաթև ՀԷԿ-ը: Բնութագրիչ առանձնահատկությունը այս կայանի շերեփավոր տիպի տուրբինն է, որը առաջինն է տեղադրվել նախկին ՍՍՀՄ-ի տարածքում: Համակարգում թողարկված 1 կՎտ. ժամ էլ.էներգիայի ինքնարժեքը ամենացածրն է Հայաստանում:

Որոտանի հիդրոէլեկտրակայանների համակարգը կարևորագույն նշանակություն ունի հայկական էներգահամակարգում: Նշանակությունը մեծ է առանձնապես օրվա ծանրաբեռնված ժամերին պահանջվող բեռի ապահովման գործում:

Համակարգի ջրային պաշարները օգտագործվում են նաև գյուղական և քաղաքային հողատարածքների ջրարբիացման և ոռոգման համար:

1954 թ-ից սկսվել են համակարգի նախագծային աշխատանքները, 1961 թ-ից` շինարարական աշխատանքները:

1970 թ. դեկտեմբերին գործարկվել է համակարգի առաջնեկը՝ Տաթև ՀԷԿ-ը, 1978թ-ին Շամբ, իսկ 1989 թ-ին՝ Սպանդարյան ՀԷԿ-երը:

Համակարգի կառուցվածքում կան 4 ջրամբարներ` բազմամյա, սեզոնային, շաբաթական կարգավորման և օրական կարգավորման մեկ ջրավազան:

Համակարգի հիդրոէլեկտրակայանների ընդհանուր սխեման ունի հետևյալ տեսքը.

Գորհայք և Ծղուկ գյուղերի տարածքում կառուցված է համակարգի գլխամասային Սպանդարյան ջրամբարը, այստեղից ճնշման թունելով ջուրը հասնում է Սպանդարյան ՀԷԿ: ՀԷԿ-ից ներքև կառուցված է Անգեղակոթի պատվարը, որը կազմավորում է Անգեղակոթի ջրամբարը: Այս ջրամբարից ոչ ճնշման թունելով ջուրը տեղափոխվում է Սիսիան և Այրի վտակների վրա կազմավորված Տոլորսի ջրամբար: Տոլորսի ջրամբարից ճնշման թունելով ջուրը տրվում է Շամբ ՀԷԿ: Կայանից ներքև կառուցված է Տաթև ջրամբարը՝ Մարգարտածաղկի տեսք ունեցող հազվագյուտ ջրթափ կառույցով: Տաթևի ջրամբարից ոչ ճնշման թունելով ջուրը հասնում է օրվա կարգավորման ջրավազան /ՕԿՋ/, որտեղից էլ տուրբինային խողովակաշարով՝ Տաթև ՀԷԿ:

 

 


Սպանդարյան ՀԷԿ

Սպանդարյան ՀԷԿ-ը համակարգի 1-ին աստիճանն է:

Կայանի հիմնական կառույցներն են.

- Սպանդարյանի հիդրոհանգույց

- ճնշման թեքումային թունել

- տուրբինային խողովակաշար

- կայանային հանգույց

Սպանդարյանի հիդրոհանգույցը համակարգի գլխամասային աստիճանն է: Հանգույցի մեջ մտնում է տեղական նյութերով և կավահողային միջուկով 83 մ բարձրության պատվարը, որի կատարի երկարությունը 315 մ է, այն գոյացնում է հոսքի բազմամյա կարգավորման Սպանդարյան ջրամբարը: Ջրամբարի ընդհանուր տարողությունը 257 մլն.մ.խոր է, օգտակարը՝ 218 մլն.մ.խոր: Նոմինալ դիմահարային մակարդակը 2063մ է, նվազագույնը՝ 2030 մ:

Հիդրոհանգույցն ունի 4 ջրընդունիչ կառույց, առաջինը` ճնշման թունել, երկրորդը՝ խորքային ջրթափ, երրորդը՝ Որոտան-Արփա թունել՝ ջուրը Սևանա լիճ հասցնելու համար: Սրանցից յուրաքանչյուրը համապատասխանաբար ունի 30; 80 և 15 մ3 /վրկ ծախս: Չորրորդը ջրթափ կառույցն է՝ 103 մ3/վրկ թողունակությամբ, մակերևույթային արագահոսք տիպի :

Ճնշման թեքումային թունելը ունի ~8կմ երկարությւոն, 30մ3/վրկ թողունակություն: Թունելի վերջում տեղակայված է հավասարակշռող հորան՝ վերին խոցի 1,9 հազ.մ.խոր ծավալով: Միաճյուղ տուրբինային խողովակաշարը վերջում ճյուղավորվում է 2 մասի և յուրաքանչյուրը 15մ.խոր/վրկ թողունակությամբ միանում է կայանի 2 ագրեգատներին:

Կայանը ունի 76 հազ.կՎտ հզորություն, 210 մլն.կՎտ. ժամ էներգիայի տարեկան նախագծային արտադրանք: Հաշվարկային ճնշումը կայանում 295 մ է:

Կայանում յուրաքանչյուր տուրբինից առաջ տեղադրված է գնդային փական 1400մմ տրամագծով:

Էլեկտրական սխեման բլոկային է՝ գեներատոր - տրանսֆորմատոր - 220 կՎ բաց բաշխիչ ենթակայան

Տրանսֆորմատորի տեսակը - TD - 80000/220/10,5

Անվանական հզորությունը - 80 մՎտ

Լարումը բարձր կողմում - 242 կՎ

Լարումը ցածր կողմում - 10,5 կՎ

Հոսանքը բարձր կողմում - 181 Ա

Հոսանքը ցածր կողմում - 4400 Ա

220 կՎ-ի ԲԲԵ-ը ունի H սխեմա, այն վերևից միանում է 220 կՎ Վայք և Որոտան-1 օդային էլեկտրահաղորդման գծերին, ներքևից` գեներատորներին, որոնք կապվում են 220կՎ-ի թիվ-1;2 յուղային փոքրածավալ անջատիչներով: 1965-66 թ-ին Y-220 տիպի երեք անջատիչներն էլ փոխարինվել են BMT - 220 տիպի անջատիչներով:


ՇԱՄԲ ՀԷԿ

Շամբ ՀԷԿ-ը հանդիսանում է համակարգի 2 -րդ աստիճանը:

Կայանի հիմնական կառույցներն են՝

- գլխամասային հանգույց

- տեղափոխող թունել

- Տոլորսի հանգույց

- ճնշման թունել և հավասարիչ հորան

- տուրբինային խողովակաշար

- կայանային հանգույց

Գլխամասային հանգույցի մեջ մտնում է 35 մ բարձրությամբ բետոնե ջրթափ պատվար, որը կազմավորում է Անգեղակոթի ջրամբարը՝ 3,4 մլն. մ.խոր ընդհանուր տարողությամբ, ջրթափի թողունակությունը 198 մ.խոր / վրկ է:

Ջրի տեղափոխությունը Տոլորսի ջրամբար իրականացվում է 18մ3/վրկ թողունակությամբ ոչ ճնշման թունելով: Ջրամբարի պատվարը կառուցված է տեղական նյութերից, էկրանը ավազակավային է, ունի 69 մ բարձրություն, կատարի երկարությունը 188 մ է: Ընդհանուր տարողությունը կազմում է 96 մլն.մ.խոր, օգտակարը՝ 80 մլն.մ.խոր: Նոմինալ դիմհարային մակարդակը 1651,50 մ է, նվազագույնը՝ 1625,5 մ:

Այս հանգույցի ջրթափ կառույցը բաղկացած է խրամաուղղային ջրթափից, որի շեմքի մակարդակը 1651,5 մ է, թողունակությունը 88 մ.խոր/վրկ:

Տոլորսի ջրամբարից ջուրը 6,9 կմ երկարությամբ և 75 մ.խոր/վրկ թողունակությամբ թեքումային ճնշման թունելով հասնում է կայանային հանգույց: Թունելի վերջում կառուցված է հավասարիչ հորան, այն ունի վերին և ներքին խուցեր, որոնք իրար են միանում ուղղաձիգ կանգնակով: Այնուհետև ջուրը մտնում է ստորգետնյա միաճյուղ, ~ 1260 մ երկարության տուրբինային խողովակաշար, այն վերջում ճյուղավորվում է 2 մասի և 2,2 մ տրամագծով միանում կայանի 2 ագրեգատներին:

Կայանի շենքը գտնվում է Որոտանի աջ ափին, մերկ ապառային թեքությունների վրա: Ունի 171 հազ. կՎտ ընդհանուր հզորություն, 320 կՎտ.ժամ էներգիայի տարեկան նախագծային արտադրանք` ~77մ երկարությամբ և                            75 մ.խոր/վրկ թողունակությամբ հեռացնող ջրանցքով, որը երկու ագրեգատների համար հանդիսանում է ընդհանուր կառույց, ջուրը թափվում է Տաթևի ջրամբարը:

Կայանում յուրաքանչյուր տուրբինից առաջ տեղադրված է գնդային փական 2200 մմ տրամագծով:


Տաթև ՀԷԿ

Տաթև ՀԷԿ-ը համակարգի առաջնեկն է և բարձրագույն ճնշումային էլեկտրակայանն է համակարգում: Ճնշումային առումով կայանը առաջինն էր նաև նախկին ՍՍՀՄ-ում:

Կայանի հիմնական կառույցներն են.

- գլխամասային հանգույց

- դերիվացիոն / թեքումային / թունել

- ՕԿՋ և տուրբինային խողովակաշար

- կայանային հանգույց

Գլխամասային հանգույցի մեջ մտնում է պատվարը, Տաթև ջրամբարը, ջրընդունիչը և ջրթափ կառույցը: Պատվարը կառուցված է տեղական նյութերով, ավազակավային էկրանով, ունի 41մ բարձրություն, 107մ կատարային երկարություն: Ջրամբարն ունի 13.6 մլն.մ3. օգտակար տարողություն: Նոմինալ դիմահարային մակարդակը կազմում է 1335,40մ, նվազագույնը՝ 1333,80մ: Ջրընդունիչը, որի հաշվարկային թողունակությունը կազմում է 25մ3/վրկ, տեղակայված է Որոտան գետի ձախ ափին, կազմված է հարթ փականներով կրկնակի 2,5 x 2,5 մ2 անցքերից:

Ջրթափ կառույցը բաղկացած է 6 թունելախորշերից և Մարգարտածաղկի տեսքով ջրընդունիչից:Ընդհանուր բացթողունակությունը կազմում է 348 մ3/վրկ:

Դերիվացիոն թունելը ունի 18կմ երկարություն: Փաստացի բացթողունակությունը կազմում է 23 մ3/վրկ: Առբերիչ ջրանցքի ձախ կողմին տեղակայված է ոռոգման նպատակով ջրընդունիչը, աջ կողմին՝ սնման շիթը , որը հաղորդակցված է ՕԿՋ-ի հետ: Ջրավազանն ունի 80 հազ.մ3 տարողություն, ջրի բարձրագույն մակարդակը հասնում է 1306,54 մ: Ճնշման ավազանն ունի 20 մ տրամագծով կլոր տեսք, շեմքի մակարդակը 1293,05 մ: Այստեղից ~ 1900 մ ընդհանուր երկարությամբ տուրբինային ճնշման խողովակաշարով ջուրը հասնում է կայան: Ներքին հորիզոնական տեղամասի վերջում խողովակաշարը բաժանվում է 3 մասի և յուրաքանչյուրը 11 մ3/վրկ թողունակությամբ միանում կայանի ագրեգատներին:

Կայանի շենքը տեղակայված է Որոտան գետի ձախ ափին, հաշվարկային ճնշումը 568,8 մ է, ունի 3 ագրեգատ, 157,2 հազ.կՎտ ընդհանուր հզորություն, 630 մլն.կՎտ.ժամ էներգիայի նախագծային տարեկան հնարավոր արտադրանք:

Կայանում յուրաքանչյուր տուրբինից առաջ տեղադրված է գնդային փական 1300մմ տրամագծով:

Կայքէջ` www.vorotancascade.am

 

Հայաստանի Հանրապետություն ՔԳորիս Գրիգոր Տաթևացի 2

հեռ. 285113

ֆաքս. 028426029

e-mail: vorotanges@rambler.ru