Ծրագրեր - Ներդրումային ծրագրեր - Արևային էներգետիկա
Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ ներուժ: 1մ2 հորիզոնական մակերևույթի վրա արևային էներգիայի հոսքի միջին տարեկան արժեքը կազմում է 1720 կՎտժ (միջին Եվրոպականը` 1000 կՎտժ), իսկ Հանրապետության տարածքի մեկ քառորդն օժտված է 1850 կՎտժ/մ2 տարի ինտենսիվությամբ արևային էներգիայի պաշարներով:
Արևի էներգիայի ներուժի քարտեզները Հայաստանի Հանրապետության տարածքում:
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲԻ ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐ
Արևային էներգիայի զարգացման խթանման նպատակով «Արևային ֆոտովոլտային (ՖՎ) կայանի կառուցման ներդրումային ծրագրի» առաջին փուլով նախատեսված է ՀՀ Գեղարքունիքի մարզի Մասրիկ տեղանքում կառուցել Մասրիկ-1 արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային կայան՝ 55 ՄՎտ պիկային հզորությամբ: Այնուհետև հաջորդելու են ևս 5 կայանների կառուցումը՝ ընդհանուր մոտ 60 ՄՎտ հզորությամբ: 2018 թ. մարտի 21-ին ավարտվել է ՀՀ-ում Մասրիկ-1 55 ՄՎտ պիկային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրի համար հայտարարված միջազգային մրցույթը: Մրցույթի պայմանների համաձայն նվազագույն սակագին է ներկայացրել նիդեռլանդական «Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչըս» և իսպանական «ԷֆԷսԷլ Սոլար» ընկերություններից կազմված կոնսորցիումը: Այն կազմում է 4.19 դոլար ցենտ 1 կՎտxժ-ի համար (մոտ 20.11 ՀՀ դրամ) առանց ԱԱՀ-ի: 2018թ. հուլիսի 18-ին՝ ստորագրվեց «Հայաստանում՝ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում Մասրիկ-1 արևային ֆոտովոլտային (ՖՎ) էլեկտրակայանի նախագծման, ֆինանսավորման, կառուցման, սեփականության իրավունքով տիրապետման և շահագործման մասին» ՀՀ կառավարության աջակցության համաձայնագիրը: 2018 թվականի հոկտեմբերի 25-ին «ԷՖԱՐՎԻ ՄԱՍՐԻԿ» ՓԲԸ-ն (կառուցապատող) ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից (ՀԾԿՀ) ստացել է էլեկտրական էներգիայի արտադրության գործունեության լիցենզիա, իսկ ներդրումների ծավալը գնահատվել է մոտ 58 մլն ԱՄՆ դոլար:
Մինչև 5 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային ՖՎ կայանների կառուցման համար 7 կազմակերպություն, գումարային մոտ 31,5 ՄՎտ դրվածքային հզորությամբ արդեն լիցենզավորվել են:
Մինչև 1 ՄՎտ հզորությամբ արևային ՖՎ կայանների կառուցման սահմանափակում` գումարային 10 ՄՎտ: 12 կազմակերպություններ արդեն լիցենզավորվել են (գումարային 10 ՄՎտ սահմանաչափը լրացել է), որից 9-ը (գումարային շուրջ 7,02 ՄՎտ հզորությամբ) արդեն գործարկվել են:
Պետք է նաև նշեմ, որ կարևոր նշանակություն ունի Հայաստանում վերականագնվող էներգետիկայի ոլորտում միջազգային ֆինանսական օժանդակությունը։ Վերոգրյալ ցուցանիշներին հասնելու համար պետության կողմից ներգրավվել են տարբեր ֆինանսական միջոցներ, օրինակ KfW գերմանական զարգացման բանկի միջոցներով Հայաստանի առևտրային բանկերը տրամադրում են արտոնյալ վարկեր 10 տարվա համար, տարեկան 10,5%-ով և առանց համաֆինանսավորման պահանջի:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության առաջարկությամբ ՀԾԿՀ-ն իր որոշումներով ամրագրել է ոլորտի կարգավորմանն ուղղված նոր դրույթներ, մասնավորապես սահմանվել են տարեկան գումարային հզորությունների հետևյալ առավելագույն չափաքանակները և սակագնային նոր քաղաքականությունը.
1. Մինչև 2019 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածի համար, արևային էլեկտրակայանների մասով՝ գումարային մինչև 50 ՄՎտ դրվածքային հզորություն: Իսկ 2019 թվականի ընթացքում ևս 50 ՄՎտ դրվածքային հզորություն, միևնույն ժամանակ մինչև 2019 թվականի հունվարի 1-ը ընդհանուր տրամադրված լիցենզիաներով չլրացված հզորությունները 2019 թվականի ընթացքում լրացնելու հնարավորությամբ:
2. Մինչև 2020 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածի համար, վերականգնվող էներգետիկ այլ ռեսուրսներ օգտագործող էլեկտրակայանների մասով լիցենզիաները տրամադրել առանց գումարային հզորության սահմանափակման:
3. Արևային և հողմային էլեկտրակայանների համար, որոնք ունեն համապատասխանաբար մինչև 5 ՄՎտ (ներառյալ) և մինչև 30 ՄՎտ (ներառյալ) տեղակայվող հզորություն, սահմանվել են բնական ջրահոսքերի վրա կառուցված ՓՀԷԿ-երից առաքվող էլեկտրաէներգիայի սակագնին (2018-2019թթ. այն կազմում է 23.864 ՀՀ դրամ 1 կՎտxժ էլեկտրաէներգիայի համար)
հավասար սակագին, ընդ որում արևային կայանների համար այդ սակագինը կգործի, եթե տվյալ լիցենզավորված անձի համար սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումն ընդունվել է մինչև 2020 թվականի հունվարի 1-ը:
4. 5 ՄՎտ և 30 ՄՎտ տեղակայվող հզորություններից ավելի հզորությամբ արևային և հողմային էլեկտրակայանների սակագներին անդրադարձ կկատարվի առանձին ներդրումային ծրագրերի շրջանակներում:
Եթե գործարարը ցանկանում է կառուցել արևային էլեկտրակայան, ապա անհրաժեշտ է.
1. Ընտրել տեղանքը (ընտրությունը հնարավոր է կատարել օգտվելով արևային ուղեցուցային քարտեզից, տես` http://minenergy.am/storage/hh_taracqum_arevayin_neruji_qartezner.pdf.
2. Ձեռք բերել հողօգտագործման իրավունք և ըստ անհրաժեշտության համապատասխանեցնել հողի նպատակային նշանակությունը (կատեգորիան)` փոխելով «էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների» հողերի
3. Կազմել ներդրումային (գործարար) ծրագիր:
4. Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար այցելել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի էլ.կայք՝ www.psrc.am «տեղեկություն ներդրողին» բաժին:
5. Դիմել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու համար:
6. Մասնագիտական անվճար խորհրդատվության համար դիմել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամին` www.r2e2.am և/կամ Գերմանա-հայկական հիմնադրամին` www.gaf.am (այստեղ հնարավոր է ստանալ նաև արտոնյալ վարկավորում):
7. Կատարելով վերոնշյալ լիցենզիայի պայմանները՝ կառուցել արևային էլեկտրակայան: