էներգետիկա - Ատոմային էներգետիկա
XX եւ XXI դարերի սահմանագծին ատոմային էներգետիկան Հայաստանի էներգիայի հիմնական աղբյուրներից մեկն է եւ վճռորոշ դեր է կատարում ազգային էներգամատակարարման մեջ:Արդի տարիֆագոյացման պայմաններում հստակ ձեւավորվել է ատոմային էներգետիկայի մրցունակության բարձրացման միտումը: Այսօր օրգանական վառելիքով գործող ջերմակայանների էլեկտրաէներգիայի բարձր գնի եւ ատոմակայանների էլեկտրաէներգիայի ցածր գնի միջեւ խզվածքն էլ ավելի է մեծանում: Դա պայմանավորված է ոչ միայն բնական գազի եւ վառելիքի այլ տեսակների գների անշեղ աճով, այլեւ աէկերի շահագործման արդյունավետության բարձրացմամբ:
Հարավային Կովկասում աէկ կառուցելու որոշումը: 1966թ. սեպտեմբերին ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդը որոշում ընդունեց Հայաստանում ատոմակայան կառուցելու մասին: Հայաստանի ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) շինհրապարակի ընտրման եւ նախագծային առաջադրանքի հետազննությունները եւ ուսումնասիրությունները, ճարտարագիտական-երկրաբանական հետազոտությունները նախապես կատարեց ՙՏեպլոէլեկտրոպրոյեկտ՚ ինստիտուտը:
Աշխատանքների սկզբում քննարկվում էր ավելի քան 20 մրցակցային շինհրապարակ: Նյութերի ուսումնասիրման եւ վերլուծման արդյունքում ատոմակայանի կառուցման համար ընտրվեց Արարատյան դաշտավայրի արեւմտյան մասում գտնվող մի տարածք, որը գտնվում էր Թուրքիայի սահմանից 16կմ հեռու, շրջկենտրոն Հոկտեմբերյանից (Արմավիր) 10կմ դեպի հյուսիս-արեւելք եւ Երեւանից 28կմ դեպի արեւմուտք: ՀԱԷԿ-ի նախագծման տեխնիկական առաջադրանքը մշակվեց ՙՏեպլոէլեկտրոպրոյեկտ ինստիտուտում 1968թ. եւ 1969թ. օգոստոսի 4-ին հաստատվեց ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի N 1624 որոշմամբ: Նույն թվականին ինստիտուտը ձեռնամուխ եղավ աշխատանքային փաստաթղթերի մշակմանը:Երկու էներգաբլոկներից բաղկացած, ՎՎԷՐ-440 մակնիշի ռեակտորային կայանքներով ՀԱԷԿ-ի առաջին հերթի հզորությունը տեխնիկական առաջադրանքով սահմանվել էր 815,0ՄՎտ, յուրաքանչյուր էներգաբլոկի հզորությունը` 407,5ՄՎտ: Էներգաբլոկների շահագործման նախագծային ժամկետը սահմանվել էր 30 տարի:
ՀԱԷԿ-ի շինհրապարակի առանձնահատկությունը` սեյսմիկությունը, պատճառ դարձավ ՎՎԷՐ- 440/230 նախագծի ոչ միայն շինարարական մասի, այլեւ ամբողջ ռեակտորային կայանքի արմատական փոփոխություններին, ինչի հետեւանքով ռեակտորն ստացավ նոր նշանակում` Վ-270: Ռեակտորային կայանքի հուսալիորեն մշակված կառուցվածքը հետագայում լիովին արդարացրեց իրեն ատոմակայանի շահագործման ընթացքում: