ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ այսօր Երևանի ՋԷԿ-ի հարակից տարածքում տեղի է ունեցել նոր ջերմային կայանի կառուցման հիմնարկեքի արարողությունը, որի շրջանակում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը և «Ռենկո» ընկերության գլխավոր տնօրեն Ջովաննի Ռուբինին ստորագրել են համատեղ հուշաթերթ։ Այն պարկուճի մեջ դրվել է կառուցվող ՋԷԿ-ի հիմքում:
Երևանի նոր ՋԷԿ-ի ծրագիրն իրականացնում է «Ռենկո» ընկերությունը։ Նախատեսում է մոտ 234ՄՎտ հզորությամբ և մինչև 53 տոկոս ընդհանուր ՕԳԳ-ով համակցված ցիկլով գազային էլեկտրակայանի կառուցում։
Ֆինանսավորումը կիրականացվի մասնավոր ներդրումների հաշվին։ Ծրագրի արժեքը կկազմի շուրջ 285 մլն ԱՄՆ դոլար: Շինարարական աշխատանքները կտևեն 26 ամիս և կավարտվեն 2019 թվականի երկրորդ կեսին:
Միայն շինարարության ընթացքում կստեղծվի շուրջ 900 ժամանակավոր, իսկ շահագործման հանձնելուց հետո` 200 մշտական և բարձր վարձատրվող աշխատատեղ:
«Ռենկո» ընկերության կողմից Երևանի ՋԷԿ-ի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկը նախագծվել է ժամանակակից և որակյալ սարքավորումների ու գիտական փորձի ներդրմամբ, որը երաշխավորում է կայանի բարձր արդյունավետությունն ու անվտանգությունը: