Հոկտեմբերի 7-ին Երևանում կայացավ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և «Ռոսատոմ» ընկերության Համատեղ համակարգող հանձնախմբի առաջին նիստը՝ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու վերաբերյալ։ Նիստի ընթացքում քննարկվեցին ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման հիմնական փուլերը, ֆինանսավորման վերաբերյալ հաշվետվությունը, հիմնական սարքավորումների և անվտանգության համակարգի համընդհանուր ուսումնասիրության ընթացիկ արդյունքները:
Նիստից հետո ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը և «Ռոսատոմ» ընկերության տնօրեն Սերգեյ Կիրիենկոն ստորագրեցին միջկառավարական համաձայնագիր՝ «Միջուկային վթարի դեպքում օպերատիվ իրազեկման և միջուկային ու ռադիացիոն անվտանգության ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին Համաձայնագրի ստորագրումը բխում էր ՄԱԳԱՏԵ-ի պահանջներից (1986թ. սեպտեմբերի 26, միջուկային վթարի մասին օպերատիվ իրազեկման մասին 9-րդ հոդված):
Համաձայնագիրը հստակեցնում է կողմերից մեկի տարածքում որևէ ատոմակայանում առաջացած վթարի ժամանակ և ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ընթացքում փոխադարձ օպերատիվ իրազեկման պայմանները: Ըստ Համաձայնագրի՝ կողմերը պարտավորվում են իրականացնել երկու երկրների ատոմային օբյեկտներում միջուկային և ռադիացիոն անվտանգության վերաբերյալ տեղեկատվության մշտական փոխանակում: Համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո կողմերը պետք է ձեռնարկեն գործնական քայլեր` պարտավորությունների իրականացման ուղղությամբ, ներառյալ՝ ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման նպատակով օբյեկտների ընթացիկ վիճակի մասին ստացվող տեղեկատվության պարբերական փոխանակումը և այլն: Ստորագրվեցին նաև 2 այլ փաստաթղթեր՝ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի վերաբերյալ.
1.Համակարգող համատեղ հանձնախմբի նիստի արձանագրություն, որը ստորագրեցին ՀՀ ԷԲՊ նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը և «Ռոսատոմի» զարգացման և միջազգային բիզնեսի գծով տնօրեն Կ. Կոմարովը:
2.Արձանագրություն՝ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի համակարգի ամբողջական ուսումնասիրության, շահագործման ժամկետի երկարացման նախապատրաստման ծրագրի մշակման վերաբերյալ: Փաստաթուղթը ստորագրեցին ՀԱԷԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մովսես Վարդանյանը և «Ռուսատոմ Սերվիս»-ի գլխավոր տնօրեն Ե. Սալկովը:
Հայկական կողմին փոխանցվեցին 22 հաշվետվային փաստաթղթեր, որոնցում արտացոլված էին ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ընդհանուր ուսումնասիրության վերաբերյալ ռուսական կողմի իրականացրած աշխատանքների միջանկյալ արդյունքները: Այս ընթացքում տարածքում աշխատել են ավելի քան 100 մասնագետներ: Հետագա աշխատանքների ընթացքում կուսումնասիրվեն կայանի ավելի քան 4,5 հազար սարքավորումներ և կպատրաստվեն ավելի քան 10 հազար փաստաթղթեր:
Նշենք, որ Համակարգող համատեղ հանձնախումբը ստեղծվել է 2015թ մարտին: Հանձնախմբի ստեղծման նպատակն է համակարգել կողմերի պարտավորությունները, վերահսկել համաձայնագրի իրականացումը և անցկացնել կատարված աշխատանքների արդյունքների մշտական գնահատում:
Փաստաթղթերի ստորագրումից հետո «Ռոսատոմ» ընկերության կողմից հուշամեդալներով պարգևատրվեցին ատոմային էներգետիկայի զարգացման բնագավառում, միջազգային համագործակցության ոլորտում հաջողություններ արձանագրած, տարիների փորձ ունեցող մի շարք մասնագետներ, այդ թվում՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը, ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Մովսես Վարդանյանը, ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը և այլոք: