Հուլիսի 28-ին, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում ՀՀ ԷԲՊ նախարարի տեղակալ Արա Սիմոնյանի և ԻԻՀ էներգետիկայի նախարարի ավագ խորհրդական Հոմայունե Հաերիի ղեկավարությամբ, ՀՀ և ԻԻՀ շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների պատասխանատուների մասնկացությամբ մեկնարկել է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի շրջանակներում ձևավորված համատեղ կոմիտեի նիստը:
Նիստի ընթացքում քննարկվել են հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի արդյունքում ստորագրված Փոխըմբռնման հուշագրով ամրագրված կետերի իրականացման ընթացքն ու առկա խնդիրները:
Հանդիպման ընթացքում շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները ներկայացրել են տեղեկատվություն իրենց բնագավառներում իրականացված աշխատանքների և առկա խնդիրների վերաբերյալ, մասնավորապես՝ էներգետիկայի, տրանսպորտի, առևտրի, բնապահպանության, զբոսաշրջության, մշակույթի, գյուղատնտեսության, արտակարգ իրավիճակների, միջմարզային համագործակցության և այլ ոլորտներում:
Առանձնահատուկ կարևորվել է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն (ԵՏՄ-ին) անդամակցությունից հետո հայ-իրանական համագործակցության հետագա շարունակական զարգացումը, և Հայաստանի միջոցով Իրանի հնարավոր համագործակցությունը ԵՏՄ-ի հետ ՝ հաշվի առնելով երկկողմ հարաբերությունների հաջողված փորձը:
Համատեղ կոմիտեի նիստի շրջանակներում ընթանում են նաև երկկողմ քննարկումներ և հանդիպումներ՝ ըստ համապատասխան բնագավառների:
Քննարկումների ավարտից հետո կոմիտեի նիստի արդյունքները կներկայացվեն ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար, Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի նախագահ Երվանդ Զախարյանին:
Տեղեկացնենք, որ Համատեղ կոմիտեն ստեղծվել է 2014թ. դեկտեմբերի 15-16-ին Թեհրանում կայացած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի շրջանակներում՝ նիստի արդյունքում ստորագրված Փոխըմբռնման հուշագրով ձեռք բերված համաձայնությունների իրականացման ընթացքին հետամուտ լինելու նպատակով: Նախատեսվում է Համատեղ կոմիտեի նիստերն անցկացնել վեցամսյա պարբերականությամբ, երկու երկրներում: