Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

26.05.2015

Երևանում կայացավ ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի 47-րդ նիստը

Մայիսի 26-ին Երևանում տեղի է ունեցել  ԱՊՀ էլեկտրաէներգետիկական  խորհրդի 47-րդ նիստը: Նիստին մասնակցել են  ԱՊՀ պետությունների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Մոլդովայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Տաջիկստանի էներգետիկայի նախարարները, ինչպես նաև  այդ երկրների էներգահամակարգերի ընկերությունների  ներկայացուցիչները: 

ԱՊՀ էլեկտրաէներգետիկական  խորհրդի 47-րդ նիստին մասնակցելու նպատակով Երևան ժամանած պատվիրակությունները նիստից առաջ այցելել են Ծիծեռնակաբերդի բարձունք և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականի Եղեռնի զոհերի հիշատակին:

 

 

ԱՊՀ էներգետիկները Երևանում քննարկել են մասնակից երկրների էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի, համակարգերի ինտեգրման հարցերը, ինչպես նաև  էներգահամակարգերի տեխնիկական վերազինումների, վթարների, արտակարգ իրավիճակների պայմաններում աշխատելու, փոխօգնության հետ կապված հարցերը: 

  

ԱՊՀ էլեկտրաէներգետիկական  խորհրդի նախագահ, ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը ողջունել է էներգետիկներին Երևանում ու մաղթել բեղմնավոր աշխատանք:

- Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր հայ գործընկերներին հյուրընկալության և միջոցառումը հիանալի կազմակերպելու համար: Մեր նախորդ հանդիպումից հետո շարունակվել է նորմատիվ իրավական փաստաթղթերի  մշակման աշխատանքը, որի խնդիրը միասնական էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորումն է: Այս նիստի ընթացքում մենք կքննարկենք 2014-2015 թթ. աշուն-ձմեռ ժամանակահատվածում ԱՊՀ պետությունների էներգահամակարգերի աշխատանքի արդյունքները և կնախանշենք հետագա գործողությունների պլանը,- ասել է Ալեքսանդր Նովակը: -Կքննարկենք նաև ԱՊՀ պետությունների էլեկտրաէներգետիկական օբյեկտներում վթարների մասին տեղեկատվության փոխանակման և մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրերի նախագծերը: Վստահ եմ, որ հնագույն մայրաքաղաքներից մեկի՝ Երևանի անկրկնելի մթնոլորտը լրացուցիչ ազդակ կհանդիսանա  արդյունավետ աշխատանքի և բովանդակալից քննարկումների համար:

   ԱՊՀ էլեկտրաէներգետիկական  խորհրդի 47-րդ նիստի մասնակիցներին ՀՀ կառավարության անունից ողջունել է փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:

-Անկասկած, երկրի էներգետիկների կողմից իրականացվել է մեծ ծավալի աշխատանք՝ ցանցային տնտեսության մոդեռնիզացման, նոր գեներացնող հզորությունների ներդրման առումով, ինչպես ջերմային կայաններում, այնպես էլ՝ վերականգնվող էներգետիկայի ոլորտում: Կցանկանայի առանձնահատուկ  կարևորել վերջերս  Ազգային Ժողովում վավերացված Հայաստանի ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման վերաբերյալ համաձայնագրերը, որոնք ստորագրվել են Ռուսաստանի Դաշնության հետ,- ասել է Վաչե Գաբրիելյանը: -Մեզ համար շատ կարևոր է նաև ԱՊՀ պետությունների էլեկտրաէներգետիկ խորհրդի 47-րդ նստաշրջանի օրակարգով նախատեսված՝ հարավկովկասյան տարածաշրջանի էներգետիկ շուկաների տարածաշրջանային համագործակցության և ինտեգրման հարցի քննարկումը: 

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի 47-րդ նիստի մասնակիցներին մաղթել է հաջող ու արդյունավետ աշխատանք:

-Նախ կցանկանայի տեղեկացնել նախորդ նստաշրջանից հետո Հայաստանի էներգետիկ համակարգում տեղի ունեցած առավել նշանակալի իրադարձությունների մասին,- ասել է Երվանդ Զախարյանը:

 Նախարարը խոսել է մասնավորապես ատոմային էներգետիկայի բնագավառում իրականացված աշխատանքների մասին և նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև արդեն ստորագրվել են երկու համաձայնագրեր, որոնք նպատակաուղղված են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2027թ.  երկարացնելու աշխատանքների  իրականացմանը: Դրանից բացի, միջազգային ֆինանսական կազմակերպությունների՝ KfW բանկի, Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ Հայաստանի էներգահամակարգի ենթակառուցվածքների ու գծերի արդիականացման և նորերի կառուցման  համար: Երվանդ Զախարյանը այդ ծրագրերից առանձնացրել է 220 կՎ «Հաղթանակ» և «Աշնակ», 110 կՎ «Չարենցավան-3» և «Վանաձոր-1» ենթակայանների, ինչպես նաև  «Ագարակ-2» և «Շինուհայր» ենթակայանների վերակառուցման ծրագրերը:  Հայաստանի էներգահամակարգի համար նախարարը կարևոր է համարել է նաև SCADA կառավարման և կապի համակարգի երկրորդ փուլի ներդրման աշխատանքները: Տարածաշրջանային ինտեգրման տեսանկյունից՝ Երվանդ Զախարյանը կարևորել է Իրան-Հայաստան և Հայաստան–Վրաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցումը: Նախարար Երվանդ Զախարյանը տեղեկացրել է նաև վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորում կատարված աշխատանքների մասին ու նշել, որ 2015թ. մարտին ստորագրվել է նաև Ներդրման համաձայնագիր, որը թույլ կտա Էներգախնայողության ոլորտում իրականացնել ծրագրեր Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության E5P հիմնադրամի միջոցներով:

Նախարար Երվանդ Զախարյանի խոսքով 2014-2015 թվականների աշուն-ձմեռ ժամանակաշրջանն անցել է ընդհանուր առմամբ առանց լուրջ խնդիրների:

- Տարածաշրջանային էլեկտրաէներգետիկ  շուկայի զարգացումը, ինչպես նաև այդ շուկային ինտեգրումը ռազմավարական կարևոր խնդիր է Հայաստանի համար: Այդ նպատակին են միտված մեր հանրապետության հյուսիսային և հարավային ուղղություններով  400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցման ծրագրերը,-ասել է Երվանդ Զախարյանը:

  -Եզրափակելով, ուզում եմ նշել, որ Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը քայլեր է ձեռնարկել բարելավելու  էներգետիկ արդյունավետությունը, մատուցվող ծառայությունների որակը, ինչպես նաև  համակարգում ներդրումների արդյունավետությունը,-ամփոփել է նախարարը:

Ինչպես հայտնի է, ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի գործունեությունը նպատակաուղղված է  ԱՊՀ էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի ձևավորմանը, էլեկտրաէներգետիկայի բնագավառում մասնակից երկրների էներգահամակարգերի ինտեգրման սկզբունքների և ուղղությունների մշակմանը /այդ թվում կոլեկտիվ էլեկտրաէներգետիկ անվտանգության ապահովման մեխանիզմների մշակում/, ինչպես նաև, ԱՊՀ էլեկտրաէներգետիկական համակարգերի զուգահեռ աշխատանքի նպատակով՝ տեխնիկական կանոնակարգերի մշակմանը:

      ԱՊՀ Էլեկտրաէներգետիկական խորհուրդը ստեղծվել է 1992թ. ԱՊՀ երկրների էլեկտրաէներգետիկայի բնագավառում միջպետական հարաբերությունների համակարգման մասին միջկառավարական համաձայնագրով: Հայաստանի Հանրապետությունն ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդին անդամակցում է 1992 թվականից: