Փետրվարի 17-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը Հայկական ատոմային էլեկտրակայանում անցկացրել է խորհրդակցություն՝ նվիրված ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրին:
Ինչպես հայտնի է, փետրվարի 5-ին Մոսկվայում ստորագրվել է «ՀՀ տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար Հայաստանի կառավարությանը արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը, որի համաձայն ռուսական կողմը կտրամադրի 270մլն ԱՄՆ դոլար արտոնյալ վարկ ու 30մլն. ԱՄՆ դոլար դրամանաշնորհ: Այդ միջոցները կուղղվեն ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանը:
2014 թվականի մարտի 27-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրին, որը նախատեսվում է իրականացնել երկու փուլով: ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև համաձայնագրերի ստորագրումից հետո, առաջիկայում «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի և «Ռուսատոմ Սերվիս» ՓԲԸ-ի միջև կստորագրվի շրջանակային պայմանագիր՝ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները իրականացնելու նպատակով:
-ՀԱԷԿ-ը պետք է նախապատրաստենք 2017 թվականի գարնանը նորոգման կանգնեցնելու համար, ինչը հնարավորություն կտա կայանի շահագործման ժամկետը երկարացնել մինչև 2026 թվականը,-ասել է նախարար Երվանդ Զախարյանը: -Ինչպես գիտեք Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև արդեն ստորագրվել են համապատասխան վարկային պայմանագրերը և մենք ունենք հստակ պարտավորություններ, որոնք պարտավոր ենք կատարել և նախապատրաստական աշխատանքները կազմակերպել այնպես, որ հնարավոր լինի 2017-ի գարնանը կայանը կանգնեցնել նորոգման՝ առանց որևէ խոչընդոտի: Այդ աշխատանքները հիմնականում կատարելու է «Ռուսատոմ Սերվիս» ՓԲԸ-ն՝ ձեզ հետ միասին,- ասել է նախարարը:
Խորհրդակցության ընթացքում ՀԱԷԿ-ի տնօրինությունը ներկայացրել է ծրագրի շրջանակներում մինչ այսօր կատարված նախապատրաստական աշխատանքներն ու 2015 թվականին իրականացվելիք միջոցառումները: Մանրամասն ներկայացվել է նաև երկրորդ էներգաբլոկի անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքների ընթացքը: