ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, փետրվարի 2-ին, խոստմանը համաձայն, հանդիպել է ,,Նաիրիտ գործարան,, ՓԲԸ աշխատակիցների հետ: Նախարարը ներկայացրել է աշխատավարձերի վճարման ու պարտքի մարման վերաբերյալ տեղեկատվությունն ու խնդրի լուծման համար իրականացվող քայլերը: Նա նշել է, որ ԱՊՀ Միջպետական Բանկի հետ շարունակվում են աշխատանքները ,,Նաիրիտ,, գործարանի գույքը գրավից հանելու համար, որից հետո, հետագա գործարկման ընթացքում, գործարանին ոչ պիտանի գույքը կիրացվի: Այդ կերպ հնարավոր կլինի աշխատավարձի պարտքի մարման խնդիրն ավելի արագ կարգավորել: Նախարարի խոսքով, քանի որ այդ գործընթացը բավական ժամանակատար է, ստեղծվել է ,,Նարիրտի,, աշխատակիցներից կազմված աշխատանքային խումբ, որն արդեն ցուցակագրել է գրավի տակ չգտնվող գույքը և փորձելու է կարճ ժամկետում կազմակերպել դրա իրացումը: Նախարարը վստահեցրել է, որ իրացումից գոյացած գումարներն ուղղվելու են ,,Նաիրիտի,, աշխատակիցների աշխատավարձի պարտքի մարմանը, որն ի դեպ ,վերջնահաշվարկի հետ միասին, կազմում է մոտ 15 մլն. դոլար, կամ 7,2 մլրդ դրամ:
-Այդ պարտքն ամբողջությամբ պետք է վճարվի: Ձեր աշխատավարձի պարտքի մարման խնդիրն անհանգստացնում է բոլորիս: Կա հանրապետության նախագահի հանձնարարականը, որ այդ հարցը լուծվի հնարավորին սեղմ ժամկետում,- ասել է Երվանդ Զախարյանը:- ,,Նաիրիտի,, աշխատակիցներից կազմված աշխատանքային խումբը պատրաստել է այն ապրանքների ցանկը, որոնք մինչև ընդհանուր գույքը գրավից հանելը հնարավոր կլինի իրացնել: Բայց այդ գործընթացը ևս ժամանակ է պահանջում, քանի որ ցանկալի է, որ այդ գույքը իրացվի ոչ որպես ջարդոն:
Նախարար Երվանդ Զախարյանը նշել է, որ, այդ ամենը հաշվի առնելով, մինչև փետրվարի 25-ը նաիրիտցիներին կվճարվի ևս մեկ ամսվա աշխատավարձ: