Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

19.01.2015

Աբու Դաբիում կայացել է IRENA-ի hինգերորդ նիստը

Հունվարի 17-18-ը Աբու Դաբիում կայացել է Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալության (IRENA) ասամբլեայի hինգերորդ նիստը:

Ասամբլեայի նիստը Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալության բարձր մակարդակի տարեկան ժողովն է, որի ընթացքում քննարկվում են կազմակերպության տարեկան հաշվետվությունները, հաստատվում են զարգացման ծրագրերը, կազմակերպության տարեկան բյուջեն, վերականգնվող էներգետիկայի բնագավառում նոր զարգացումները, միջազգային փորձը:

Հայաստանի Հանրապետությունն անդամակցում է Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալությանը: Ասամբլեայի հինգերորդ նիստը հարմար  առիթ էր դոնոր երկրների և ներդրող ընկերությունների ներկայացուցիչների հետ բանակցելու և Հայաստանում վերականգնվող էներգետիկայի զարգացման ծրագրերի համար միջոցներ ներգրավելու համար: Նիստի մասնակիցները նշել են, որ վերջին տարիների ընթացքում վերականգնվող էներգետիկայի ոլորտի տեխնոլոգիաները բավական մատչելի են դարձել. օրինակ, ֆոտոոլտաիկ պանելները էժանացել են 80 տոկոսով, ինչն էականորեն նպասում է ոլորտի զարգացմանը:

Հայաստանի պատվիրակությունը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ, հանդիպումներ է ունեցել Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի, տարբեր երկրների պատվիրակությունների ու միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Նրանց մանրամասն ներկայացվել է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտի ներուժը, ոլորտում իրականացվող և իրականացվելիք ծրագրերը: Հանդիպումների ժամանակ նշվել է, որ Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացումն այլընտրանք չունի և ՀՀ կառավորությունն անում է ամեն ինչ՝ ոլորտի ներուժը լիարժեք օգտագործելու և Հայաստանի էներգետիկ անվտանգության մակարդակը բարձրացնելու համար: