Շնորհանդես միջազգային ֆինանսական կազմակերպությունների մասնակցությամբ
Մայիսի 30-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում տեղի ունեցավ «ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգից բխող զարգացման ուղղությունները» խորագրով շնորհանդեսը: Շնորհանդեսին հրավիրված էին ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար-դեսպանը և գործառնական բաժնի ղեկավարը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրենը, ինչպես նաև միջազգային տարբեր կազմակերպությունների եւ ֆինանասական կառույցների ղեկավարներ ու ներկայացուցիչներ:
Հայաստանում գործունեություն ծավալող միջազգային կազմակերպությունների ու ֆինանսական կառույցների հետ հանդիպման գլխավոր նպատակն էր էներգետիկ ոլորտի գործընկերներին ներկայացնել 2013 թվականի հոկտեմբերի 23-ի հաստատված Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգն ու դրանից բխող զարգացման ուղղությունները, և, որ ամենակարևորն է, միջազգային ֆինանսական կազմակերպություններին ,,առաջին ձեռքից,, տրամադրել տեղեկատվություն համակարգում իրականացվող և իրականացվելիք ռազմավարական ծրագրերի մասին:
ՀՀ նոր կառավարության ծրագրում, որը հավանության է արժանացել Ազգային ժողովի կողմից, արտացոլված են նաև էներգետիկ ոլորտի բոլոր առաջնահերթ միջոցառումներն ու ծրագրերը: Դրանցից մի քանիսը արդեն իսկ իրականացվում են միջազգային ֆինանասական կառույցների աջակցությամբ՝ փափուկ վարկերով ու դրամաշնորհներով:
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը ողջունեց հանդիպման մասնակիցներին և նշեց.
- Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ու հուսալիության ամրապնդմանն ու բարձրացմանն ուղղված՝ վերջին տարիներին էներգահամակարգում ստեղծվել են նոր հզորություններ, իրականացվել են բարձր լարման ենթակայանների տեխնիկական վերազինման, օդային գծերի վերակառուցման մեծաթիվ աշխատանքներ: Ներկայումս շարունակվում են միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված վարկային միջոցներով կարևորագույն ենթակառուցվածքային ծրագրերը,-ասաց նախարարը:
Երվանդ Զախարյանը նշեց նաև, որ Կառավարության նոր ծրագրում ներառված են էներգետիկ ոլորտի ռազմավարական կարևոր նախաձեռնությունները, այդ թվում՝ Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցումը, Հայաստան-Իրան, Հայաստան-Վրաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծերի և հաստատուն հոսանքի ներդիրով ենթակայանի կառուցումը: Այսօր Ռուսաստանի Դաշնության հետ քննարկվում է Հայկական ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման նպատակով վարկի տրամադրման հարցը. բանակցություններն ավարտական փուլում են:
Էներգետիկ ոլորտի զարգացման գործում նախարար Երվանդ Զախարյանը կարևորեց նաև միջազգային կազմակերպությունների դերն ու համագործակցելու պատրաստակամությունը.
-Դահլիճում ներկա միջազգային շատ կազմակերպությունների հետ նախորդող 20 տարիների ընթացքում էներգետիկայի բնագավառում մեծ հաջողությամբ իրականացվել են բազմաթիվ արդյունավետ ծրագրեր: Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության անունից վերահաստատում եմ մեր պատրաստակամությունը՝ շարունակելու Ձեզ հետ սերտ համագործակցությունը և վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերը կտան ցանկալի արդյունք,-ասաց Երվանդ Զախարյանը:
Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը մանրամասն ներկայացրեց էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգից բխող զարգացման ուղղությունները, որից հետո մասնակիցները հնարավորություն ունեցան Հայաստանի էներգետիկ ոլորտի ղեկավարներին ուղղել իրենց հետաքրքրող հարցերը: