Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

21.07.2014

Կապիտալ նորոգման աշխատանքներն ավարտված են. ՀՇԳՑ կայանը էլեկտրաէներգիա է արտադրում

Կապիտալ նորոգման աշխատանքներն ավարտված են. ՀՇԳՑ կայանը էլեկտրաէներգիա է արտադրում

 

 Հուլիսի 20-ին, ժամը 18-ին, Երևանի ՋԷԿ-ի համակցված շոգեգազային ցիկլով նոր էներգաբլոկը միացել է հանրապետության էներգաարտադրության ցանցին և վերսկսել  էլեկտրաէներգիայի արտադրությունը:

 

Տեղեկացնենք, որ կայանի C1 Ինսպեկցիայի /կապիտալ նորոգման/ աշխատանքները սկսվել էին հունիսի 3-ին և պետք է տևեին մինչև հուլիսի 29-ը:

 

Երևանի ՋԷԿ-ի տնօրեն Հովակիմ Հովհաննիսյանի խոսքով, վերանորոգման աշխատանքներն ընթացել են  շուրջօրյա /24 ժամյա/ գրաֆիկով, ամբողջությամբ կատարվել են կապիտալ նորոգման նորմատիվային պահանջները և կայանը սկսել է արտադրությունը նախատեսվածից 9 օր շուտ:

 

-Երևանի ՋԷԿ-ի ՀՇԳՑ էներգաբլոկի նշանակությունը մեր հանրապետության էներգահամակարգի հաշվեկշռում շատ մեծ է: Այստեղ արտադրված էլեկտրաէներգիայի սակագինը բավականին ցածր է մյուս ջերմաէլկտրակայաններում արտադրվածից: Ուստի մենք արեցինք ամեն ինչ էներգաարտադրության ցանցին  մի քանի օր շուտ միանալու համար,-ասել է Հովակիմ Հովհաննիսյանը:

 

Երևանի ՀՇԳՑ էներգաբլոկը կառուցվել և գործարկվել է 2010թ. ապրիլի 21-ին: Կառուցման աշխատանքները ֆինանսավորվել էին Ճապոնիայի Միջազգային Համագործակցության Բանկի կողմից և տևել  են 22 ամիս: 2010թ. ապրիլի 21-ից մինչև 2014թ. հունիսի 3-ը էներգաբլոկը աշխատել էր շարունակական բեռի գրաֆիկով և ՀՀ էներգահամակարգ էր առաքվել մոտ 6,2 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա: Վերոհիշյալ ժամանակահատվածում, իր բարձր արդյունավետության շնորհիվ (մոտ 50% ՕԳԳ), էներգաբլոկը նպաստել էր հանրապետությունում էլեկտրաէներգիայի սակագների աճի զսպմանը` բնական գազի սակագնի աճի պայմաններում:

 

Երևանի ՀՇԳՑ էներգաբլոկում տեղադրված է թույլատրելի նորմատիվային շահագործման ժամկետը հաշվարկող էլեկտրոնային հաշվիչ, որը արձանագրում է էներգաբլոկի փաստացի շահագործման ժամանակամիջոցը: Երևանի ՀՇԳՑ էներգաբլոկի` արտադրողների կողմից սահմանված նորմատիվային շահագործման ժամկետը 36 000 պայմանական ժամ է, իսկ էներգաբլոկը 2010թ. ապրիլի 21-ից մինչև 2014թ. հունիսի 3-ը արդեն աշխատել էր 39 000 պայմանական ժամից ավելի: Փաստացի աշխատանքի պայմանական ժամերի հետագա գերազանցումը խիստ վտանգավոր էր, կարող էր հանգեցնել սարքավորումների լուրջ և անդառնալի վնասվածքների, որոնց վերականգնումը կապիտալ նորոգման ծախսերի համեմատ տասնապատիկ ավելի կարող էին լինել: Բացի այդ, փաստացի նորմատիվային շահագործման ժամկետի գերազանցումը կհանգեցներ արտադրողների կողմից երաշխիքների վերացմանը:

 

Այսօր արդեն Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկն ամբողջությամբ նորոգված է և անվտանգ ու անխափան կարող է աշխատել 4 տարուց մի քիչ ավել, կամ, ինչպես մասնագետներն են ասում, 36 000 պայմանական ժամ: