Սեպտեմբերի 7-ին կայացած նիստում կառավարությունը հավանություն է տվել «Էներգետիկայի մասին», «Լիցենզավորման մասին» և «Պետական տուրքի մասին օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքների նախագծերի փաթեթին, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։
Փաթեթի ընդունումը բխում է էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացմանն ու միջպետական առևտրի զարգացմանը նպաստող իրավական պայմանների ստեղծման անհրաժեշտությունից։ Հայաստանում էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման անհրաժեշտությունը պայմանավորված է ներքին շուկայի կարիքներով, ինչպես նաև տարածաշրջանում էլեկտրաէներգիայի առևտրի հնարավորությունների արդյունավետ օգտագործմամբ։
Կհստակեցվեն ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և պետական այլ մարմինների գործառույթները։ Ներկայիս միակ գնորդ-վաճառող շուկայի կարգավորվող մոդելից անցում կկատարվի նոր՝ ազատական մոդելի, կներդրվեն առևտրի ժամանակակից կանոններ, կկատարելագործվի սակագնային կարգավորման համակարգը, նոր գործիքներ կներդրվեն միջպետական առևտրի խթանման համար՝ որպես առաջնահերթություն ունենալով ներքին շուկայի սպառողների պաշտպանվածությունը և պատասխանատվության բաշխումը շուկայի մասնակիցների միջև։ Կառանձնացվեն բաշխման և մատակարարման գործառույթները, որի արդյունքում շուկայում կկարողանան գործել այլ մատակարարներ՝ յուրաքանչյուրը որպես լիցենզավորված կազմակերպություն: Միևնույն ժամանակ շուկայում կգործի երաշխավորված մատակարար, որը ծառայություններ կմատուցի կարգավորվող գներով և կծածկի էլեկտրաէներգիայի սպառման 80%-ը` էլեկտրաէներգիա գնելով ամենացածր սակագներով արտադրողներից, ինչը սպառողներին հնարավորություն կտա ընտրություն կատարել ինչպես մատակարարների միջև, այնպես էլ շուկայի կարգավորվող ու չկարգավորվող հատվածում էլեկտրաէներգիա գնելու հարցում: Ընդ որում, որակավորված սպառողներն իրավունք կստանան էլեկտրաէներգիա գնել էլեկտրաէներգիա արտադրողներից՝ ուղիղ պայմանագրերի միջոցով:
Կհստակեցվեն Համակարգի և Շուկայի օպերատորների գործառույթները, կսահմանվի նոր՝ էլեկտրաէներգիայի մեծածախ առևտրի լիցենզիա, ինչը կխթանի միջպետական առևտուրը։ Արդյունքում սպասվում է մեծածախ շուկայում գործունեություն իրականացնող լիցենզավորված անձանց ավելացում, որոնք կարող են իրականցնել էլեկտրաէներգիայի ներկրման և արտահանման գործառույթ։ Այն կբերի պետական եկամուտների ավելացման։
Կսահմանվեն երրորդ կողմի մուտքի ոչ խտրական իրավունքը երաշխավորող նոր դրույթներ՝ ենթակառուցվածքների հասանելիության ապահովման և նոր միացումների երաշխավորման առումով: