Այսօր Երևանում մեկնարկել է ԱՊՀ էլեկտրաէներգետիկայի խորհրդի Շրջակա միջավայրի և Էներգաարդյունավետության ու վերականգնվող էներգետիկայի աշխատանքային խմբերի համատեղ նիստը։ Միջոցառմանը մասնակցում են ԱՊՀ էլեկտրաէներգետիկայի խորհրդի գործադիր կոմիտեի, ԱՊՀ անդամ երկրների էներգետիկայի և բնապահպանական կառույցների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, անկախ փորձագետներ, վերահսկող և կարգավորող մարմինների անդամներ։
Երկօրյա նիստի շրջանակներում նախատեսվում է քննարկել վերականգնվող էներգետիկայի բնագավառում իրականացվող քաղաքականության, շրջակա միջավայրի վրա դրա ազդեցության, էներգետիկ թափոնների կառավարման և այլ խնդիրներին առնչվող հարցեր։ Անդրադարձ կկատարվի ինչպես ոլորտի օրենսդրական բարեփոխումներին առնչվող հարցերին, այնպես էլ տարբեր երկրներում իրականացվող գործնական քայլերին։
Միջոցառման շրջանակներում կկազմակերպվեն կլոր սեղաներ՝ «Աշխարհում և ԱՊՀ երկրներում վերականգնվող էներգետիկայի ներկա իրավիճակը և զարգացման հեռանկարները», ինչպես նաև «Վերականգնվող էներգետիկայի թափոնների վերամշակման, բնապահպանական խնդիրների և կյանքի որակի բարելավման հեռանկարները» թեմաներով։
Նիստի մասնակիցներին կներկայացվի Հայաստանի փորձը՝ էներգաարդյունավետության և էներգախնայողության, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործման բնագավառներում իրականացվող քաղաքականության վերաբերյալ։ Նախատեսված է նաև այցելություն փոքր հիդրոկայաններ՝ ոլորտում Հայաստանի ձեռքբերումներին ծանոթանալու և փորձի փոխանակման նպատակով։