Մինչև տարեվերջ «Հանրապետական երկրաբանական ֆոնդում» առկա երկրաբանական տեղեկությունները առցանց հասանելի կլինեն hանրությանը, մասնավորապես՝ բոլոր հնարավոր ներդրողներին։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ընդերքի գործակալության երկրաբանության, նորմատիվամեթոդական և վերլուծության բաժնի պետ Շուշանիկ Քերոբյանի փոխանցմամբ, ֆոնդի թվյանացումը հետևողականորեն իրականացվում է.
-Հանքարդյունաբերության ոլորտի տեղեկատվության հասանելիության և մատչելիության ապահովման միջոցառումների շրջանակներում «Հանրապետական երկրաբանական ֆոնդում» առկա երկրաբանական նյութերի թվայնացման աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ։ Դա հնարավորություն կտա օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների վերաբերյալ առկա տեղեկատվությունն առցանց հասանելի դարձնել hանրությանը, որի նպատակներից մեկն էլ ներդրումների ներգրավման գործընթացին աջակցելն է:
Շուշանիկ Քերոբյանի խոսքով, արդեն թվայնացվել է երկրաբանական տեղեկատվության շուրջ 65 տոկոսը։ Դրանց 60 տոկոսը տեղադրված է այդ նպատակով ստեղծված geo-fund.am ինտերնետային կայքում և հասնելի է բոլորին։ Թվայնացված երկրաբանական տեղեկությունների մյուս մասի տեղադրումը ընթացքում է։
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում թվայնացվել է 42 օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների անձնագրեր, որոնցից 8-ը վերաբերում է վերագնահատված հանքավայրերին։
Հիշեցնենք, որ թվայնացման աշխատանքներն իրականացվում են ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։ Դրանք սկսվել են անցած տարվա երկրորդ կեսից։