ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում այսօր տեղի է ունեցել Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրով նախատեսված միջոցառումներին նվիրված աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է նախարար Աշոտ Մանուկյանը: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը, ՀՀ նախագահին կից ատոմային էներգիայի անվտանգության խորհրդի անդամ և գործադիր քարտուղար Վահրամ Պետրոսյանը, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը, ՀԱԷԿ գլխավոր ճարտարագետ Արթուր Գրիգորյանը, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի խորհրդական Արեգ Գալստյանը, այլ պաշտոնատար անձինք։
Քննարկվել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը, ծրագրի երկրորդ փուլի նախապատրաստման և անցկացման խնդիրներն ու ժամանակացույցը։ Ներկայացվել են նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման արդյունքները։
Ամփոփելով, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը բարձրացված հարցերի և խնդիրների վերաբերյալ տվել է համապատասխան հանձնարարականներ։
Նշենք, որ ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի երկրորդ փուլի միջոցառումները նախատեսվում է իրականացնել մայիսի 10-ից` 60 օրով, որի ընթացքում կիրականացվեն նաև պլանային նորոգման և վերալիցքավորման աշխատանքներ։