Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

14.03.2017

Հայաստանը մտադիր է Թուրքմենստանի հետ քննարկել համագործակցության հեռանկարային նախագծեր

Մարտի 14-ին Երևանում մեկնարկեց հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական 8-րդ նիստը՝ երկու երկրների համանախագահների՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի և Թուրքմենստանի էներգետիկայի նախարար Չարիմիրատ Պուրչեկովի նախագահությամբ։  Երկօրյա նիստին մասնակցում են հանձնաժողովի անդամները, ինչպես նաև երկու երկրների նախարարությունների ու գերատեսչությունների պաշտոնատար անձինք:

Բացելով նիստը՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը կարևորեց հայ-թուրքմենական առևտրատնտեսական հարաբերությունների խորացման և ընդլայնման անհրաժեշտությունը.

-Հա-թուրքմենական միջկառավարական տնտեսական  համագործակցության հանձնաժողովի 8-րդ նիստը ևս մեկ անգամ հաստատում է կողմերի  ցանկությունը՝ հետագայում  ևս խորացնել հարաբերությունները մեր  պետությունների միջև: Մենք մտադիր ենք իրագործել ոչ միայն նախատեսված ծրագրերը, այլև քննարկել  համագործակցության հեռանկարային նախագծեր: Վստահ եմ, որ մեզ կհաջողվի ողջ ծավալով  օգտագործել առկա տնտեսական ներուժը՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների։

Հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի օրակարգում ընդգրկված են տնտեսության տարբեր ոլորտներին առնչվող բազմաթիվ հարցեր: Կքննարկվեն Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների, իրավապայմանագրային դաշտի զարգացման, վառելիքաէներգետիկ համալիրի, գյուղատնտեսության, կրթության և գիտության, մշակութային-հումանիտար բնագավառներում համագործակցության հարցեր: Անդրադարձ կկատարվի նախորդ նիստում նախատեսված ծրագրերի իրականացմանը, կներկայացվի կատարված աշխատանքների ընթացքը։

Ավարտին կստորագրվի Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի արձանագրությունը: