Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

02.12.2016

Կայացավ հայ-ռուսական համակարգող հանձնաժողովի երրորդ նիստը

Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների շրջանակներում դեկտեմբերի 2-ին Երևանում տեղի ունեցավ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի Համատեղ համակարգող հանձնախմբի երրորդ նիստը՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ա. Գալստյանի և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, զարգացման և միջազգային բիզնեսի գծով տնօրեն Կ. Կոմարովի համանախագահությամբ։ 

Նիստի մասնակիցները դիտարկեցին ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի սարքավորումների զննման և դրանց շահագործման ժամկետի երկարաձգման հիմնավորման աշխատանքների արդյունքները, քննարկեցին լրացուցիչ ժամկետում շահագործման նախապատրաստման ծրագրի իրագործման, սարքավորումների արդիականացման և փոխարինման միջոցառումների հետ կապված հարցերը։ Անդրադարձ կատարվեց 2017 թվականին Ռուսաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում ատոմային էներգետիկայի ոլորտին առնչվող մասնագիտություններով հայ ուսանողների ներգրավմանը:

Կողմերը հաստատեցին  Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի սարքավորումների համալիր զննման՝ 2016թ. պլանային նախազգուշական վերանորոգման շրջանակներում շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի առաջին փուլի ավարտը: Նշվեց, որ աշխատանքների իրականացմանը մասնակցել է 15 մասնագիտացված կազմակերպություն, զննվել է 4500 միավոր սարքավորում, մշակվել և տրամադրվել  է 46 հաշվետու փաստաթուղթ։ Հաստատվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հնարավորությունը՝ սահմանված պայմաններով:

Ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման միջոցառումների շրջանակներում իրականացվել են ռեակտորային տեղակայանքի սարքավորումների,  հիմնական խողովակագծերի մետաղի և եռակցման կարերի  հսկման աշխատանքներ: Հսկողություն իրականացնելու ընթացքում չեն հայտնաբերվել այնպիսի թերություններ, որոնք կխոչընդոտեն ռեակտորային տեղակայանքի շահագործման ժամկետը 10 տարով երկարաձգելուն:

Զուգահեռաբար կատարվել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի ամրանների, մխոցային, ջերմամեխանիկական, բեռնամբարձիչ և այլ սարքավորումների գործիքային զննման աշխատանքներ, որոնք կավարտվեն 2018 թվականին: Գործիքային զննման արդյունքում նախատեսվում է որոշել սարքավորումների ավելի քան 1000 միավորի մնացորդային ռեսուրսը՝ դրանց հետագա շահագործման նպատակով:

Նիստի ընթացքում կողմերը հաստատել են, որ շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացումն ընթանում է սահմանված ժամանակցույցին համապատասխան:

Հանձնաժողովի նիստի արդյունքներով ընդունվել են որոշումներ, համակարգերի և սարքավորումների ժամանակին պատրաստման ու մատակարարման, Հայկական ԱԷԿ-ի անվտանգության մակարդակի պահպանման և բարձրացման, ինչպես նաև էլեկտրաէներգիայի արտադրության հուսալիության ապահովման վերաբերյալ: