Հանքարդյունաբերության ոլորտի տեղեկատվության հասանելիության և մատչելիության ապահովման նպատակով մեկնարկել է «Հանրապետական երկրաբանական ֆոնդում» առկա տվյալների թվայնացման աշխատանքները: Նախատեսվում է դրանք ավարտել հաջորդ տարվա ընթացքում։
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ընդերքի վարչության օգտակար հանածոների և ընդհանուր երկրաբանության բաժնի պետ Շուշանիկ Քերոբյանի փոխանցմամբ, թվայնացման աշխատանքների իրականացման նպատակով ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ ձեռք են բերվել անհրաժեշտ սարքավորումները և տեղադրվել «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ում։ Չնայած աշխատանքները սկսվել են տարվա երկրորդ կեսից, այնուհանդերձ արդեն իսկ իրականացվել է առկա ֆոնդային նյութերի ավելի քան 51 տոկոսի թվայնացումը։ Դրանք տեղադրված են այդ նպատակով ստեղծված www.geo-fund.am ինտերնետային կայքում և հասնելի են բոլորին.
-Օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների անձնագրերի առկա նյութերի թվայնացման աշխատանքները հետևողականորեն շարունակվում են իրականացվել, նույնիսկ առաջ են անցել սահմանված ժամանակացույցից։
Ըստ Շ. Քերոբյանի, «Հանրապետական երկրաբանական ֆոնդում» պահպանվող տեղեկատվության հասնելիության և մատչելիության ապահովումը դրական նշանակություն կունենա ոլորտի ներդրումային գրավչության համար։ Ներդրողները հնարավորություն կստանան առանց ավելորդ ժամանակ և միջոցներ ծախսելու՝ առցանց ծանոթանալ ֆոնդում առկա տեղեկատվական բազային և ներկայացնել իրենց հետաքրքրությունները դրանց վերաբերյալ։