ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նոյեմբերի 21-ին հանդիպեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզին: Քննարկվեց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ՝ ինչպես էներգետիկայի, այնպես էլ հանքարդյունաբերության ոլորտներում։
Ողջունելով դեսպանին՝ Աշոտ Մանուկյանը ընդգծեց Միացյալ Նահանգների կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի կարևորությունը՝ հույս հայտնելով, որ դրանք կշարունակվեն նաև առաջիկայում։ Այդ համատեքստում կարևորվեց Հայկական ԱԷԿ-ի անվտանգության բարձրացման նպատակով ԱՄՆ ցուցաբերած աջակցությունը։ Անդրադարձ եղավ նաև հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության ուղղությամբ կատարվող աշխատանքներին։
Շնորհավորելով Աշոտ Մանուկյանին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ Ռիչարդ Միլզը նշեց, որ դեսպանությունն ու նախարարությունը համագործակցության մեծ փորձ ունեն և վստահեցրեց, որ այն կշարունակվի նաև այսուհետ։ Ռիչարդ Միլզը պատրաստակամություն հայտնեց աջակցել ինչպես էներգետիկայի, այնպես էլ հանքարդյունաբերության ոլորտում համագործակցության ծրագրերի իրականացմանը։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան նաև ատոմային էներգետիկայի ոլորտի զարգացումներին և տարածաշրջանային ինտեգրման ծրագրերին։ Նախարարը կարևորեց ատոմային էներգետիկայի դերը՝ Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման առումով։ Խոսելով տարածաշրջանային ծրագրերի մասին՝ Աշոտ Մանուկյանը ներկայացրեց Իրան-Հայաստան և Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի կառուցման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը։