Մի շարք կազմակերպությունների և անհատների ջանքերով մեկնարկում է Հայաստանի և Արցախի սահմանամերձ բնակավայրերում լուսադիոդային լուսարձակների տեղադրման «Լուսավոր սահման» բարեգործական նախագիծը, որի նպատակն է հաղորդակցության արշավի և դրամահավաքի միջոցով սահմանամերձ բնակիչների համար ձեռք բերել լուսադիոդային լամպեր և տեղադրել նրանց տներում:
Նախագծի մեկնարկին նվիրված միջոցառման ընթացքում ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը նշեց, որ մի շարք կազմակերպությունների և անհատների ջանքերով ցանկանում են մասսայականացնել լուսադիոդային լամպերի օգտագործումը Հայաստանում:
«Այս լամպերը ծախսում են տասն անգամ քիչ էլեկտրական էներգիա, իսկ օգտագործման ժամկետը մինչև 10 տարի է: Միջին տվյալներով՝ լուսադիոդային լամպերի տեղադրման ծախսերը հնարավոր կլինի վերադարձնել արդեն 1,5-2 ամսվա ընթացքում: Ավելին, դրանց շնորհիվ ամսական էլեկտրական էներգիայի վճարը կրճատվում է 30-60 տոկոսով»,-ասաց Հարությունյանը: Ըստ փոխնախարարի՝ նմանատիպ ու բավականին հաջող ծրագիր իրականացվել է նաև 2015 թվականին Արցախի Աստղաշեն գյուղում:
Փոխնախարարի տեղեկացմամբ՝ սկզբնական ծրագրով նախատեսվում է տեղադրել լուսադիոդային լամպեր Տավուշի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների տներում:
«Նախագիծը իրականացնելու համար սկսվել է դրամահավաք: Գումարը հավաքելուց հետո կհայտարարվի լուսադիոդային լամպերի մատակարարման մրցույթ, որի շրջանակներում հատուկ լաբորատորիաներում ստուգվելու է այդ լամպերի որակը»,- նշեց Հարությունյանը և հավելեց, որ երկու գյուղերի համար արդեն կա անհրաժեշտ ֆինանսավորում:
«Շտիգեն» ընկերության տնօրեն Հայկ Շեկյանը իր հերթին նշեց, որ ծրագրի սկզբնական փուլում նախատեսվում է լուսադիոդային լամպեր տեղադրել 10 գյուղում:
«Ընդհանուր առմամբ նախատեսվել է լուսադիոդային լամպեր տեղադրել 33 թիրախային գյուղերում և Ճամբարակ քաղաքում: Ծրագրի շահառուներ են լինելու 16500 ընտանիք: Ծրագրով նախատեսել ենք նմանատիպ լամպեր տեղադրել նաև Արցախում»,- եզրափակեց Շեկյանը: