ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նոյեմբերի 9-ին հանդիպեց Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլիին։
Բարձր գնահատելով Համաշխարհային բանկի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը՝ նախարարը կարևորեց դրանց շարունակականությունն ու թիրախային լինելը։ Առանձնացվեց հատկապես բարձրավոլտ ցանցերում և ջրային համակարգում կատարվող աշխատանքների նշանակությունը։
Անդրադառնալով ՀԲ հետ հետագա համագործակցության առաջնահերթությանը՝ Աշոտ Մանուկյանն ընդգծեց առաջին հերթին վերականգնվող էներգետիկայի ոլորտը։ Այժմ ՀԲ հետ քննարկվում է Հայաստանում մինչև 100 մեգավատ հզորությամբ արևային կայաններ կառուցելու ծրագիրը։ Հեռանկարային է համարվում նաև երկրաջերմային էներգետիկայի ոլորտում համագործակցությունը, որտեղ ևս կան դրական ակնկալիքներ։ Այս ոլորտներում ՀԲ աջակցությամբ Հայաստանը մտադիր է հասնել արտադրական մակարդակի։
ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին ևս բարձր գնահատելով էներգետիկ ոլորտում Հայաստանի հետ համագործակցության մակարդակը՝ նշեց, որ այն ընթանում է բոլոր հնարավոր տարբերակներով։ Համագործակցությունը շատ ընդգրկուն է և ներառում է ինչպես էներգետիկան, այնպես էլ ջրային համակարգն ու հանքարդյունաբերությունը, թեև վերջին ոլորտում և՛ ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավարը, և՛ նախարարը աշխատանքներն ակտիվացնելու անհրաժեշտություն են տեսնում։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան նաև էներգետիկ, ջրային տնտեսության, հանքարդյունաբերության ոլորտներում համագործակցության այլ հարցերի՝ հույս հայտնելով, որ առաջիկայում ևս այն հաջողությամբ կշարունակվի։