Նոյեմբերին 9-ին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հանդիպեց ԵՄ պատվիրակության գրասենյակի ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին։
Ողջունելով դեսպանին՝ նախարարը կարևորեց Եվրոպական գործընկերության ծրագիրը, ԵՄ հետ Հայաստանի համագործակցությունը՝ վստահություն հայտնելով, որ այն առաջիկայում ավելի կխորանա և կամրապնդվի։ Դեսպան Պյոտր Սվիտալսկին շնորհավորելով նախարարին այդ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նշեց, որ ԵՄ և Հայաստանը հանդիսանում են կարևոր գործընկերներ էներգետիկ ոլորտում։ Եվրամիությունը պատրաստակամ է մասնակցել ինչպես հայաստանյան, այնպես էլ տարածաշրջանային ծրագրերի իրականացմանը։
ԵՄ-Հայաստան համագործակցության շրջանակներում նախարարը կարևորեց միջուկային էներգետիկայի խաղաղ օգտագործման բնագավառում Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը՝ ընդգծելով, որ ՀԱԷԿ-ի անվտանգության ապահովման առումով ԵՄ դերն անգնահատելի է։ Արդեն կան պայմանավորվածություններ իրականացված սթրես-թեստի հետ կապված որոշ միջոցառումներ ֆինանսավորելու վերաբերյալ։
Հանդիպման ժամանակ անդրադարձ կատարվեց էներգետիկ ոլորտի ծրագրերին, տարածաշրջանային համագործակցության զարգացումներին և հեռանկարներին։ Կարևորվեց ԵՄ կողմից իրականացվող EU4 Energy ծրագիրը, որը հանդիսանում է արդեն իսկ ավարտված INOGATE ծրագրի շարունակությունը։