Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

03.11.2016

Քննարկվել է հայ-իրանական համագործակցության հարցերի լայն շրջանակ

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նոյեմբերի 3-ին հանդիպեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին և փոխդեսպան Շահբազ Սոլբիին: Քննարկվեց հայ-իրանական համագործակցության հարցերի լայն շրջանակ՝ էներգետիկայի, հանքարդյունաբերության, բանկային, ապահովագրության և այլ ոլորտներում։

Շնորհավորելով նախարարին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ Սեյեդ Քազեմ Սաջադին կարևորեց երկու երկրների միջև տնտեսության և ֆինանսական համագործակցության հետագա խորացման ու ընդլայնման անհրաժեշտությունը։ Տեղեկացնելով, որ նախապատրաստվում է  Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի այցը Հայաստան, դեսպանը հույս հայտնեց, որ դա լուրջ խթան կհանդիսանա գործակցության նոր ծրագրերի իրականացման համար։

Շնորհակալություն հայտնելով դեսպանին՝ Աշոտ Մանուկյանը անդրադարձավ էներգետիկ ոլորտում հայ-իրանական ծրագրերի իրականացման ընթացքին՝ նշելով, որ դրանք կարևոր նշանակություն ունեն Հայաստանի ինչպես էներգետիկ համակարգի, այնպես էլ ողջ տնտեսության համար։ Խոսելով Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ էլեկտրագծի կառուցման աշխատանքների մասին՝ նախարարը հույս հայտնեց, որ կարվի հնարավորը այն նախատեսված ժամանակում ավարտին հասցնելու համար.

-Նույն ժամկետում մենք ծրագրում ենք ավարտել նաև Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրագծի կառուցումը՝ դրանով նախադրյալներ ընձեռելով Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան տարածաշրջանային միջանցքի գործարկման համար։

Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձան հայ-իրանական համագործակցության բազմաթիվ ոլորտների՝ պատրաստակամություն հայտնելով ակտիվացնել աշխատանքները բոլոր ուղղություններով՝ միաժամանակ քայլեր ձեռնարկելով նոր ծրագրերի իրականացման համար։

Քննարկվեցին նաև հայ-իրանական տնտեսական համագործակցության 14-րդ նիստին առնչվող հարցեր: