Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

26.10.2016

Նախարարը հյուրընկալեց ՀՀ-ում Շվեդիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին և ABB ընկերության ներկայացուցիչներին

   ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հոկտեմբերի 26-ին հյուրընկալեց Հայաստանում Շվեդիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Մարգարետա Քրիստիանսոնին և շվեդական ABB ընկերության ներկայացուցիչներին։ Քննարկվեցին Հայաստանի էներգետիկ ոլորտում համագործակցության հեռանկարները։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, տիկին Մարգարետա Քրիստիանսոնը կարևորեց օրերս Ազգային ժողովի հավանությանն արժանացած կառավարության գործունեության ծրագիրը, որի որոշ դրույթներ հետաքրքրություն են ներկայացրել նաև ABB ընկերության մոտ։

   Հանդիպման ժամանակ ընկերության ներկայացուցիչները նախարարին ներկայացրին իրենց գործունեության ոլորտները, Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը, անդրադարձան առաջիկա անելիքներին։

   Նշենք, որ ABB ընկերությունը 2000թ.-ից ներգրավված է Հայաստանի էներգետիկ ոլորտի տարբեր ծրագրերում։ Այն հանդիսանում է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Երևանի ՋԷԿ»-ի  ենթակայանի կառուցման գլխավոր կապալառուն։