Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

30.09.2016

ՀՀ ԷԲՊ նախարարը հանդիպեց ԻԻՀ պատվիրակությանը

Սեպտեմբերի 30-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարարության պատվիրակությանը՝ ԻԻՀ էներգետիկայի նախարարի խորհրդական Հոմայուն Հարեի գլխավորությամբ։ Հանդիպման ժամանակ քննարկվեցին հայ-իրանական համագործակցության ծրագրերի կատարման ընթացքին և ընդլայնման հնարավորություններին վերաբերող մի շարք հարցեր։

Կողմերն անդրադարձան հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը։ Կարևորվեց հատկապես Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ գծի կառուցման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը։ Նշվեց, որ դրանով էապես կավելանան էլեկտրաէներգիայի հոսքերը  Հայաստանի և Իրանի միջև։ Միաժամանակ կստեղծվեն հնարավորություններ տարածաշրջանային համագործակցության ընդլայնման համար։

Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաև իրանական կապիտալով Հայաստանում 50 մՎտ հզորությամբ հողմային կայաններ կառուցելու հնարավորությունները։ Կողմերը հույս հայտնեցին, որ մոտ ապագայում կհաջողվի ամբողջացնել այդ առումով ձեռք բերված համաձայնությունները։

Կարևորելով հայ-իրանական համագործակցությունը՝ հանդիպման մասնակիցները պատրաստակամություն հայտնեցին՝ շարունակել աշխատանքները նախանշված ծրագրերի իրականացման և ընդլայնման ուղղությամբ։