Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգում իրականացվող «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում հայտարարված միջազգային մրցույթի արդյունքներով կնքվել է պայմանագիր «Երևանի ՋԷԿ»-ի 220 կՎ ենթակայանի կառուցման գլխավոր կապալառու ընտրված AB SUBSTATIONS AND COBRA INSTALACIONES Y SERVICIOS S.A. (Շվեդիա/Իսպանիա) կոնսորցիումի հետ։ Պայմանագրի գինը կազմում է 11,3 մլն դոլար, 4,7 մլն եվրո և 6,9 մլն շվեդական կրոն։
Պայմանագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել «Երևանի ՋԷԿ»-ի 220 կՎ նոր ենթակայան, ինչը պայմաններ կստեղծի կրճատելու գործող 220/110/35 կՎ ենթակայանի սարքավորումների խափանումների հաճախականությունը:
Նշենք, որ գործող ենթակայանը շահագործման է հանձնվել 1963թ.։ Դրա խափանման դեպքում կայանն անջատվում է ցանցից և անհրաժեշտություն է առաջանում գործարկել «Հրազդանի ՋԷԿ»-ի հին և ոչ արդյունավետ բլոկերը։
Հիշեցնենք, որ «Երևանի ՋԷԿ»-ին է բաժին ընկնում երկրում տարեկան արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիայի շուրջ 20 տոկոսը: Այդ իսկ պատճառով չափազանց կարևոր է ցածր արժեքով էլեկտրաէներգիայի մատակարարման ապահովումը:
Նոր ենթակայանի կառուցումը նախատեսվում է ավարտել 17 ամսվա ընթացքում։