Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգում իրականացվող «Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» և «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» վարկային ծրագրերի շրջանակներում հայտարարված միջազգային մրցույթի արդյունքներով պայմանագրեր են կնքվել ընտրված կապալառու կազմակերպությունների հետ։ Ծրագրերի շրջանակներում նախատեսվում է «Հաղթանակ» , «Չարենցավան-3» , «Վանաձոր-1» և «Աշնակ» ենթակայանների վերակառուցում։
Միջազգային մրցույթի արդյունքում «Հաղթանակ» 220 կՎ ենթակայանի վերակառուցման նպատակով պայմանագիր է կնքվել ռուսական Kaskad Energo LLC ընկերության (շուրջ 14,1 մլն ԱՄՆ դոլար), «Չարենցավան-3» 110 կՎ ենթակայանի համար` պորտուգալական EFACEC Engenharia e Sistemas S.A. ընկերության (6,2 մլն ԱՄՆ դոլար), «Վանաձոր-1» 110 կՎ և «Աշնակ» 220 կՎ ենթակայանների վերակառուցման համար` չինական XIAN ELECTRIC ENGINEERING CO. LTD ընկերության հետ (համապատասխանաբար՝ 5,1 մլն ԱՄՆ դոլար և 9,2 մլն ԱՄՆ դոլար):
Նախատեսվում է, որ մինչև 2018թ. վերջը նշված ընկերությունները Համաշխարհային բանկի կողմից տրամադրված վարկային միջոցների հաշվին կվերակառուցեն և շահագործման կհանձնեն բոլոր չորս ենթակայանները, որոնք տասնամյակների պատմություն ունեն։ Վերակառուցման, ֆիզիկապես և բարոյապես մաշված սարքավորումների փոխարինման արդյունքում նվազագույնի կհասնեն վթարային անջատումներն ու կորուստները, կբարձրանա էներգահամակարգի և սպառողների էլեկտրամատակարարման հուսալիությունը, կկրճատվեն շահագործման ծախսերը: