Հայաստանի համայնքների միության և Էներգախնայողության աջակցման հիմնադրամի նախաձեռնությամբ, Էներգաարդյունավետ համայնքների առաջին համաժողովի շրջանակում, այսօր տեղի ունեցավ «Քաղաքապետերի դաշնագիր Արևելք II» ծրագրի և Հայաստանի էներգաարդյունավետ քաղաքների դաշինքի շնորհանդես-ընդունելությունը: ԵՄ Հարևանության ծրագրի արևելյան գործընկեր երկրներում իրականացվող ծրագրով նախատեսված է դաշնագիրը ստորագրած քաղաքների կարողությունների զարգացում, քաղաքների կողմից մշակված և Եվրոպական հանձնաժողովի կողմից հաստատված՝ Կայուն էներգիայի գործողություների պլանների (SEAR-ներ) իրականացման համար ֆինանսների ու վարկային միջոցների հայթայթում, նոր քաղաքների ընդգրկում:
Կարևորելով «Քաղաքապետերի դաշնագիր Արևելք II» ծրագիրը՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը նշեց, որ էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի զարգացման համար Հայաստանում ստեղծված է անհրաժեշտ օրենսդրական դաշտ։ Վերջին տարիներին այդ ոլորտում զգալի աշխատանքներ են կատարվել։
Նշենք, որ Հայաստանի Էներգաարդյունավետ քաղաքների դաշինքը ստեղծվել է 2016 թվականի փետրվարի 26-ին՝ Հայաստանի համայնքների միության հանրապետական խորհրդի նիստի որոշմամբ: Դաշինքի ստեղծման հիմնական նպատակը ՏԻՄ-երի իրավասությունների շրջանակներում էներգաարդյունավետության, էներգաօգտագործման և այլ խնդիրների շուրջ ջանքերի համատեղումն է։