Մայիսի 31-ին կայացած նիստում` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց նվազեցնել սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը։ Ըստ այդմ, սահմանվեց, որ ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող բաժանորդների համար սակագինը, յուրաքանչյուր հազար խորանարդ մետրի դիմաց, կկազմի 146,7 հազար դրամ՝ նախկին 156 հազար դրամի փոխարեն։ Ամսական 10 հազար խորանարդ մետրից ավել սպառում ունեցող բաժանորդների համար սակագինը, յուրաքանչյուր հազար խորանարդ մետրի դիմաց, սահմանվեց 257,56 դոլար՝ նախկին 276,98 դոլարի փոխարեն։
Նոր սակագները կգործեն հուլիսի 1-ից։
Ներքին սակագները հնարավոր եղավ նվազեցնել սահմանին ստացվող գազի գնի իջեցման արդյունքում։ Ինչպես հայտնի է, ՌԴ վարչապետի Հայաստան կատարած այցի շրջանակներում, ապրիլի 7-ին ստորագրվեց արձանագրություն, որով Հայաստանին մատակարարվող գազի գինը 1000 խոր. մետրի համար 165 դոլարից նվազեցվեց 150 դոլարի։