Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

13.04.2016

Կայացավ հերթական քառակողմ հանդիպումը

Անցած տարվա վերջին կայացած քառակողմ հանդիպման շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ապրիլի 13-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի էներգետիկայի նախարարությունների ղեկավարների համատեղ հանդիպումը՝ նվիրված էլեկտրաէներգետիկական ոլորտում տարածաշրջանային համագործակցությանը։ Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լ.Յոլյանը, ՌԴ էներգետիկայի նախարար Ա.Նովակը, ԻԻՀ էներգետիկայի նախարար Հ. Չիթչիանը, Վրաստանի էներգետիկայի փոխնախարար Ի. Էլոշվիլին։

Հաշվի առնելով տարածաշրջանային նոր ծրագրերի իրականացման առումով ստեղծված նպաստավոր պայմանները՝ 2015թ. դեկտեմբերի 23-ին Երևանում կայացած քառակողմ հանդիպման ժամանակ քննարկվեցին չորս երկրների էլեկտրաէներգետիկական ոլորտի համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Խոսքը մասնավորապես վերաբերում էր տարածաշրջանային այնպիսի ծրագրերին, որոնք կարող են պայմաններ ստեղծել միավորելու չորս երկրների էլեկտրաէներգետիկական համակարգերը՝ բարձրացնելով փոխհոսքերի կառավարման մակարդակը, ինչպես նաև էլեկտրաէներգետիկ համակարգերի աշխատանքի գործունեության արդյունավետությունը, անվտանգությունն ու հուսալիությունը։

Հերթական քառակողմ հանդիպման ժամանակ ներկայացվեց նախորդ հանդիպումից հետո համակարգող խորհրդի կողմից կատարված աշխատանքների ընթացքը, ուղենշվեցին հետագա անելիքները։ Քննարկումների ավարտին ստորագրվեց երեք փաստաթուղթ՝ Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկական միջանցքի ձևավորման նախաձեռնության իրականացման նպատակով անհրաժեշտ ճանապարհային քարտեզը, հանդիպման Արձանագրությունը և Փոխըմբռնման հուշագիր։