Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

15.03.2016

ԵՄ-ն պատրաստակամ է շարունակել համագործակցությունը էներգետիկ բնագավառում

  Մարտի 15-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լ. Յոլյանը հյուրընկալեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին։ Շնորհավորելով նախարարին պաշտոնի նշանակման կապակցությամբ՝ դեսպանը նշեց, որ Հայաստանի էներգետիկ բնագավառում համագործակցությունը, ինչին Եվրոպական Միությունը մեծ կարևորություն է տալիս, կշարունակվի։ 

   Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարը տեղեկացրեց, որ Եվրամիության կողմից իրականացված ԻՆՈԳԵՅԹ ծրագրի ավարտից հետո կշարունակվի Արևելյան գործընկեր երկրներին, այդ թվում՝ Հայաստանի էներգետիկ բնագավառին տրամադրվող աջակցությունը։ Այդ նպատակով 2016թ. մարտի 17-ին Բրյուսելում կկայանա էներգետիկ ոլորտի բարձր մակարդակի համաժողով՝ Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական Միության Արևելյան գործընկեր երկրների մասնակցությամբ։  

  Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լ. Յոլյանը շնորհակալություն հայտնեց դեսպանին Եվրամիության կողմից Հայաստանի էներգետիկ բնագավառում ցուցաբերվող աջակցության համար։ Տարածաշրջանային համագործակցության առումով կարևորվեց հատկապես Հայաստան-Վրաստան 400 կՎտ բարձր լարման գծի կառուցումը, որին իր ներդրումն ունի Եվրամիությունը՝ NIF հիմնադրամից 10 մլն եվրո դրամաշնորհային միջոցների տեսքով։

   Լ. Յոլյանը պատրաստակամություն հայտնեց այսուհետ ևս շարունակել սերտ համագործակցությունը Եվրոպական Միության հետ։