Դեկտեմբերի 23-ին Երևանում տեղի ունեցավ համատեղ հանդիպում Հայաստանի, Իրանի, Վրաստանի էներգետիկայի նախարարությունների ղեկավարների և «Ռուսական ցանցեր» ԲԲԸ գլխավոր տնօրենի միջև՝ նվիրված տարածաշրջանային համագործակցության խնդիրներին։ Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ե. Զախարյանը, Իրանի Իսլամական հանրապետության էներգետիկայի նախարար Հ. Չիթչիանը, Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կ.Կալաձեն և Ռուսաստանի էներգետիկայի նախարարության «Ռուսական ցանցեր» ԲԲԸ գլխավոր տնօրեն Օ. Բուդարգինը։
Հաշվի առնելով տարածաշրջանային նոր ծրագրերի իրականացման առումով ստեղծված նպաստավոր պայմանները՝ հանդիպման մասնակիցները քննարկեցին էլեկտրաէներգետիկական ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Խոսքը մասնավորապես վերաբերում է տարածաշրջանային այնպիսի ծրագրերին, որոնք թույլ կտան միավորել չորս երկրների էլեկտրաէներգետիկական համակարգերը՝ բարձրացնելով փոխհոսքերի կառավարման մակարդակը, ինչպես նաև էլեկտրաէներգետիկ համակարգերի աշխատանքի գործունեության արդյունավետությունը, անվտանգությունն ու հուսալիությունը։
Այս նախաձեռնությամբ նոր որակ է ստանում Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Իրանի միջև էլեկտրաէներգետիկական ոլորտի համագործակցությունը։ Դրա համար բարենպաստ միջավայր է ստեղծում մի կողմից այն հանգամանքը, որ Հայաստանի և Իրանի, Վրաստանի և Ռուսաստանի էներգահամակարգերն իրար հետ աշխատում են զուգահեռ սինխրոն ռեժիմներով, մյուս կողմից՝ իրականացման կամ նախապատրաստման փուլում են գտնվում մի շարք ներդրումային ծրագրեր՝ էներգետիկ համակարգի թողունակության և հզորությունների ավելացման նպատակով։
Մասնավորապես նախատեսվում է մինչև 2018թ. շահագործման հանձնել Հայաստան-Վրաստան 400/500 կՎ էլեկտրահաղորդման գիծն ու հաստատուն հոսանքի ներդիրով ենթակայանը։ Դրա արդյունքում կապահովվի Վրաստանի էներգետիկ համակարգի հետ զուգահեռ ասինխրոն ռեժիմում աշխատանքի հնարավորություն և էլեկտրաէներգիայի փոխհոսքի հզորությունը առաջին փուլում կկազմի 350 Մվտ, մինչև 2021 թ-ը հասնելով 700 Մվտ-ի:
2018թ. նախատեսվում է շահագործման հանձնել նաև Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման երկշղթա գիծը։ Այն թույլ կտա Իրանի հետ էլեկտրաէներգիայի փոխհոսքերը հասցնել ընդհուպ մինչև 1200 Մվտ հզորության։
Այս միջոցառումների իրականացման նպատակն է իրագործել հյուսիս-հարավ էլեկտրաէներգտիկական միջանցքի ստեղծման նախաձեռնությունը, որը հնարավորություն կտա աշխատել ԵԱՏՄ և ԵՄ էներգահամակարգերի հետ։
Հայաստանի և Վրաստանի էլեկտրաէներգետիկական համակարգերի զարգացմանն աջակցել և պատրաստ են շարունակել աջակցությունը Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը: Հարավային Կովկասում էլեկտրաէներգտիկական ոլորտում համագործակցության հարցերով այս տարվա հուլիս ամսին Վրաստանի էներգետիկայի նախարարության և Միջազգային էներգետիկ խարտիայի նախաձեռնությամբ քննարկումներ կազմակերպվեցին նաև Թբիլիսիում։
Չորս երկրների էներգահամակարգերի միջև փոխգործակցության խորացումն ու ընդլայնումը հնարավորություն կտա ձևավորել էլեկտրաէներգիայի տարածաշրջանային շուկա։
Հաշվի առնելով ծրագրի արդյունավետ կազմակերպման կարևորությունը, կողմերը պատրաստակամություն հայտնեցին համակարգել աշխատանքները՝ ծրագրի առաջխաղացման նպատակով:
Համագործակցության չորս երկրների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված համաձայնությունների շրջանակներում ստորագրվեց «Փոխըմբռնման հուշագիր»։