Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

16.11.2015

Բնակիչ-բաժանորդների 78,8 տոկոսը օգտվել է հոսանքի սուբսիդավորումից

     Սուբսիդավորման կարգի փոփոխությունից հետո բնակիչ-բաժանորդների շուրջ 78,8 տոկոսը հոկտեմբերին ծախսած էլեկտրաէներգիայի համար օգտվել է տրամադրվող փոխհատուցումից։ Ինչպես հայտնի է, կառավարությունը հոկտեմբերի 29-ին որոշում ընդունեց բնակչության մասով սուբսիդավորումը դարձնել  հասցեական և այն տրամադրել առավել քիչ սպառում ունեցող խմբերին։ Խոսքը՝ ամսվա ընթացքում մինչև 250 կՎտ էլեկտրաէներգիա օգտագործող բնակիչ-բաժանորդների մասին է։               

     Այդպիսի սպառողների թիվը հոկտեմբերին կազմել է ավելի քան 601 հազար։ Նախորդ ամսվա համեմատ սուբսիդավորումից օգտվող բնակիչ-բաժանորդների թիվը  162 հազարով կամ 21,2 տոկոսով կրճատվել է։                 

     Փոխարենը՝ այս խմբի սպառողներին տրամադրվող սուբսիդիայի գումարը հոկտեմբերին նվազել է 40 տոկոսով։ Սա նշանակում է, որ մինչև սուբսիդավորման կարգի փոփոխությունը, առավել շատ էլեկտրաէներգիա օգտագործող բնակիչ-բաժանորդների 21,2 տոկոսը ստանում էր փոխհատուցվող գումարի 40 տոկոսը և միայն 60 տոկոսն էր բաժին հասնում այս խմբի մյուս բոլոր սպառողներին։               

     Բնակիչ-բաժանորդների մասով հոկտեմբերի փոխհատուցումը կազմել է 534,5 մլն դրամ։ Սեպտեմբերի համեմատ այն կրճատվել է 366,6 միլիոնով։   

     Մինչև 500 կՎտ հոսանք օգտագործող ՓՄՁ-ների փոխհատուցման ենթակա գումարը 23,8 մլն դրամ է։ Նախորդ ամսվա համեմատ այն ավելացել է շուրջ 1,2 մլն դրամով։                                                                         

     Նշենք, որ էլեկտրաէներգիայի սուբսիդավորման կարգի փոփոխությունից հետո փոխհատուցման տրամադրումը հավասար չափով ստանձնել են կառավարությունն ու «Տաշիր» բարեգործական հիմնադրամը։ Ընդ որում, այդ պարտավորությունը գործում է սուբսիդավորման ամբողջ ժամանակահատվածի համար, այսինքն՝ սկսած օգոստոսի 1-ից մինչև 2016թ. հուլիսի 31-ը։