Հոկտեմբերի 28-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հյուրընկալել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտոր Սվիտալսկիին, ԵՄ ծրագրի ղեկավար Լյուդովիկ Չեխանովսկիին և KfW բանկի պատվիրակության անդամներ՝ ծրագրի ղեկավար Սանդրա Լուտզին, համակարգող տնօրեն Էնրիկո Շպիլլերին և պատվիրակության այլ ներկայացուցիչներին:
Երվանդ Զախարյանը շնորհավորել է Հայաստանում ԵՄ նորանշանակ դեսպանին՝ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք՝ Հայաստանում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու ընթացքում:
Հանդիպումների ընթացքում նախարարը շնորհակալություն է հայտնել Եվրամիությանը, ինչպես նաև KfW գերմանական բանկին՝ Հայաստանի էներգետիկ համակարգում իրականացվող ծրագրերին ցուցաբերած աջակցության համար։ Նշվել է, որ հաջողությամբ ընթանում են KfW բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Հայաստան-Վրաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքները։ Նախարարը ընդգծել է ծրագրի նշանակությունը էլեկտրաէներգետիկ համակարգերի տարածաշրջանային ինտեգրման գործում:
Հանդիպումների ժամանակ քննարկվել են ծրագրի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր, որոնց վերաբերյալ տրվել են պարզաբանումներ։