Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

07.10.2015

Երևանում անցկացվեց «Ատոմէկս-Հայաստան» սեմինարը

 

    Հոկտեմեբերի 7-ին Երևանում տեղի ունեցավ ատոմային ոլորտի մատակարարներին նվիրված «Ատոմէկս-Հայաստան» սեմինարը: Սեմինարը կազմակերպել էին «Ռոսատոմ միջազգային ցանց» («Росатом – Международная Сеть») ընկերությունը՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հետ համատեղ:        Սեմինարին ներկա էին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, Հայաստանի ատոմային էլեկտրակայանի,   մեքենաշինության, շինմոնտաժային և շինարարական, գիտական, բանկային և ֆինանսական ոլորտներում հայաստանյան առաջատար ձեռնարկությունների ներկայացուցիչները:   Ռուսական կողմից մասնակցում էին  «Ռոսատոմ» պետական ընկերության (Госкорпорация «Росатом»), ինչպես նաև՝ դուստր ձեռնարկությունների՝ «Ռուսատոմ Սերվիսի» («Русатом Сервис»), «Ռուսատոմ օվերսիզի»  («Русатом Оверсиз»), «Ռոսատոմ-Միջազգային ցանցի» (Росатом – Международная Сеть»), ոլորտում հայտնի բազմաթիվ այլ ընկերությունների ներկայացուցիչները:   Սեմինարը նվիրված էր հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ժամկետի երկարացման  ծրագրի իրականացմանը և այդ աշխատանքներին հայաստանյան մատակարարների հնարավոր մասնակցությանը։   

       Սեմինարի առաջին նիստի ընթացքում ելույթով հանդես եկավ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը՝ կարևորելով Հայկական ԱԷԿ-ի դերը երկրի անվտանգ էներգամատակարարման գործում: Արեգ Գալստյանը ներկայացրեց էլեկտրակայանի տեխնիկական բնութագիրը, ՀԱԷԿ-ի հուսալիության և արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքների ծրագրերը՝ ընդգծելով ՀԱԷԿ-ի անվտանգության բարձր մակարդակի ապահովման ուղղությամբ միջոցառումների շարունակականության անհրաժեշտությունը։        Ռուսատոմ սերվիս»-ի գլխավոր տնօրեն Ե. Սալկովը ներկայացրեց ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի իրականացման հիմնական փուլերը, ծրագրի ներկայիս վիճակը և դրանում հայկական ձեռնարկությունների մասնակցության հնարավորությունները:

     Ծրագրի իրականացումը բաժանված է երկու փուլերի.  առաջին փուլ - էներգաբլոկի սարքավորումների, շինությունների ընդհանուր ուսումնասիրություն և էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացումը նախապատրաստելու վերաբերյալ ծրագրի մշակում,     երկրորդ փուլ - ծրագրի իրականացում, այդ թվում՝ հետազոտական, կարգավորող, վերլուծական, նախագծային, կառուցվածքային, մոնտաժային և շահագործման աշխատանքներ:      

      Նախատեսվում է աշխատանքներն ավարտել 2019թ-ին: Արդյունքների համաձայն՝ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը կերկարացվի 10 տարով:    

      Սեմինարի երկրորդ նիստի ընթացքում «Ռոսատոմ» ընկերության ներկայացուցիչները ներկայացրեցին «Ռոսատոմի» գնումների համակարգի վերաբերյալ մանրամասներ, ինչպես նաև պատասխանեցին ներկաներին հետաքրքրող հարցերին, մասնավորապես՝ «Ռոսատոմի» միջազգային ծրագրերում հայկական ձեռնարկությունների մասնակցության հնարավորությունների հետ կապված: Ընթացիկ տարում «Ռոսատոմի» գնումների համակարգի նորմատիվ-իրավական կարգավորման գործընթացում զգալի փոփոխություններ են կատարվել, որոնց համաձայն՝ օտարերկրյա մատակարարները կարող են առավել ազատ մասնակցել ընկերության էլեկտրոնային գնումներին: 

     Նիստի մասնակիցները վստահեցրին, որ հայ մատակարարներն ու ենթակապալառուները՝ մասնակցելով ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկրարացման ծրագրին, հետագայում կկարողանան մասնակցել նաև Ռոսատոմի կողմից այլ օբյեկտներում իրականացվող աշխատանքներին: