Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

25.09.2015

Նախարարը հյուրընկալել է KfW բանկի ներկայացուցիչներին

Սեպտեմբերի 25-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հյուրընկալեց KfW բանկի (Վերականգնման վարկերի բանկ) պատվիրակության անդամներ՝ ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության վարչության պետ Դիրկ Շատշնայդերին, նույն նախարարության  ներկայացուցիչներ՝  Կլաուս Տանցբերգերին և Աննա Կատարինա Դերկորնին, ինչպես նաև KfW բանկի տարածաշրջանային ղեկավար Դեյվիդ Բետոլացային և բանկի գլխավոր համակարգող Բելլա Անդրիասյանին:

Ողջունելով ներկաներին՝ նախարարը շնորհակալություն հայտնեց Գերմանիայի կառավարությանը և KfW բանկին Հայաստանի էներգետիկ բնագավառում իրականացվող ծրագրերին ցուցաբերած աջակցության համար։ Ե. Զախարյանը միաժամանակ նշեց, որ հաջողությամբ ընթանում են KfW բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Հայաստան-Վրաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքները, ընդգծեց ծրագրի նշանակությունը էլեկտրաէներգետիկ համակարգերի տարածաշրջանային ինտեգրման գործում:

Իր հերթին` ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության վարչության պետ Դիրկ Շատշնայդերը կարևորելով հետագա համագործակցությունը՝ նպատակահարմար համարեց ընթացիկ աշխատանքներից բացի ծրագրեր իրականացնել նաև վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտում: Նախարարը հայտնեց հայկական կողմի պատրաստակամությունը։

Հանդիպման ժամանակ հյուրերին ներկայացվեց նաև Հայաստանի էներգետիկ համակարգի զարգացման հետագա ռազմավարությունը: