Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

18.09.2015

Հայկական պատվիրակությունը մասնակցել է ԱԷՄԳ Գլխավոր կոնֆերանսի 59-րդ նստաշրջանին

   Ս.թ. սեպտեմբերի 14-ից 18-ը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում էր  Վիեննայում՝  ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Գլխավոր կոնֆերանսի  59-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով:Պատվիրակության կազմում էին` Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը, ՀՀ Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի քարտուղար, «Հայատոմ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն  Վահրամ Պետրոսյանը, Հայկական ԱԷԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար  Մովսես Վարդանյանը, ինչպես նաև ոլորտի այլ մասնագետներ:   

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ, ՀՀ պատվիրակության ղեկավար Արեգ Գալստյանն իր ելույթում կարևորել է ԱԷՄԳ-ի դերը միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում և  անդրադարձել  ԱԷՄԳ-ի հետ ՀՀ-ի երկարատև և արդյունավետ համագործակցությանը՝ ընդգծելով  Հայկական ԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացման գործընթացում ԱԷՄԳ-ի դերակատարությունը և ցուցաբերած աջակցությունը:Գլխավոր կոնֆերանսի շրջանակներում ՀՀ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ի էներգետիկայի դեպարտամենտի ներկայացուցիցների, ԱԷՄԳ-ի ֆիզիկական պաշտպանության վարչության աշխատակիցների, ինչպես նաև մի շարք այլ պատվիրակությունների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են հետագա համագործակցության հարցեր: ՀՀ պատվիրակության անդամները մասնակցել են «Ատոմային էներգետիկան արդյունաբերության համար» գիտական ֆորումին:Սեպտեմբերի 17-ին, ԱԷՄԳ հովանու ներքո, տեղի է ունեցել հայկական ԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով միջազգային աջակցության համակարգման դոնոր-երկրների կոնֆերանսի 7-րդ նիստը: Նիստի քննարկումներին մասնակցել են ԱԷՄԳ-ի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ՌԴ-ի և Չեխիայի ներկայացուցիչները: Ներկաները կարևորել են համագործակցության ներկայիս ձևաչափը և ուրվագծել հետագա առաջնայնությունները: