Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

16.03.2015

Ստորագրված միջազգային պայմանագրերը՝ ի նպաստ էներգետիկ ոլորտի զարգացման

  Մարտի 16-ին ՀՀ կառավարությունում, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը,  ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, E5P հիմնադրամի կառավարիչ Լանդ Անդերսը, ԵՄ Հայաստանյան պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան, Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մորտերեն և KFW էներգետիկայի բաժնի ղեկավար Յան Բլումը ստորագրել են էներգետիկ ոլորտին առնչվող երեք ֆինանսական փաստաթուղթ: Մասնավորապես՝ ստորագրվել են Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև <Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց> ֆինանսական պայմանագիրը, <Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց> (Էլեկտրահաղորդման գիծ Հայաստան- Վրաստան և ենթակայան)ծրագրի փոխըմբռնման հուշագիրը և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ներդրման համաձայնագիրը / E5P/:

Էներգախնայողությունը և վերկանգնվող էներգետիկան Հայաստանի էներգետիկայի զարգացման ռազմավարական ուղղություններից են և Ներդրման Համաձայնագրի կնքումը կարևոր քայլ է՝ ուղղված էներգետիկայի բնագավառում Հայաստան-Եվրամիություն համագործակցության զարգացմանը:

Համաձայնագրի ստորագրումից հետո E5P հիմնադրամի միջոցները կուղղվեն հանրային տարբեր ոլորտներում, մասնավորապես` վերականգնվող էներգետիկայի ծրագրերին,  համայնքներում ջեռուցման, էներգամատակարարման  և լուսավորության էներգախնայող համակարգերի ներդրման ծրագրերին, ինչպես նաև շրջակա միջավարի պահպանության համար կարևոր՝ կեղտաջրերի և կոշտ թափոնների կառավարման և վերամշակման ծրագրերի իրականացմանը:

2009թ. Եվրոպական Միությունում Շվեդիայի նախագահության ժամանակահատվածում ստեղծվել է <Արևելյան Եվրոպայի էներգախնայողություն և շրջակա միջավայր գործընկերություն E5P> հիմնադրամը, որին ի սկզբանե միացել է Ուկրաինան, հետագայում նաև առաջարկվել է արևելյան գործընկեր երկներին՝ Հայաստանին, Վրաստանին, Ադրբեջանին, Մոլդովային: E5P հիմնադրամի դոնորներ են՝ Շվեդիան, Նորվեգիան, Դանիան, Գերմանիան, Չեխիան, Լեհաստանը և այլ երկրներ: Իրականացնող գործակալություններ են՝ Վերակառուցման զարգացման եվրոպական բանկը, Եվրոպական ներդրումային բանկը, Համաշխարհային բանկը, Հյուսիսային շրջակա միջավայրի ֆինանսական կորպորացիան և միջազգային ֆինանսական այլ կազմակերպություններ:

Համագործակցության առաջին փուլում Հայաստանը ներդնելով 1մլն եվրո, կստանա մոտ 20մլն եվրո դրամաշնորհ: Այդ միջոցները պետք է օգտագործվեն ավելի մեծ ներդրումային ծրագրերում: Հայաստանում իրականացվելիք ծրագրերի նպատակն է վերջնական շահառուի՝ ՀՀ քաղաքացու համար տնտեսապես շահավետ դարձնել էներգախնայողության, վերականգնվող էներգետիկայի և շրջակա միջավայրի բարելավման ծրագրերը: 

Համաձայնագրի ստորագրումից հետո նախատեսվող ծրագրերը կանցնեն քննարկման փուլ և Հայաստանի կողմից հավանության արժանանալու դեպքում կսկսվի դրանց իրականացումը:

Ստորագրված մյուս երկու կարևոր փաստաթղթերը /<Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց>/  հնարավորություն կտան ավարտին հասցնել էներգետիկայի բնագավառի համար ռազմավարական նշանակություն ունեցող` Հայաստան-Վրաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման գծի կառուցման առաջին փուլի ֆինանսավորման հարցերը:

Այդ ծրագրի հետ կապված` դեռևս 2014 թ. դեկտեմբերին ՀՀ կառավարության և Գերմանիայի զարգացման վարկերի KFW բանկի միջև ստորագրվել էին 2 վարկային համաձայնագրեր` 85.2 մլն եվրո ընդհանուր գումարով: Եվրոպական ներդրումային բանկի հետ այսօր ստորագրված համաձայնագրի հիման վրա Հայաստան-Վրաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման նպատակով կտրամադրվի 10 մլն եվրո այսպես կոչված` «փափուկ վարկ», իսկ Եվրամիության հետ ստորագրված փոխըմբռնման հուշագիրը կապված է համապատասխան դրամաշնորհ տրամադրելու հետ:

-Աշխատանքներ են տարվում բանկի հետ Հայաստան-Վրաստան 400 կՎ բարձր լարման գծի երկրորդ փուլի աշխատանքները առաջին փուլի հետ զուգահեռ իրականացնելու ուղղությամբ,- ասել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը և նշել, որ այդ խոշոր ծրագրի իրականացումը կարևոր է ինչպես Հայաստանի էներգետիկ անվտանգության բարձրացման, այնպես էլ`  տարածաշրջանային ինտեգրման տեսանկյունից:

Նախարարը նշել է նաև, որ ՀՀ կառավարության և KFW բանկի միջև համագործակցությունը  բավականաչափ արդյունավետ է՝ հատկապես էներգետիկայի բնագավառում: KFW բանկի ֆինանսավորմամբ ամբողջությամբ արդեն իսկ վերազինվել և արդիականացվել են՝ Քանաքեռ ՀԷԿ-ը, Վանաձոր-2, Կամո, Ալավերդի-2 ենթակայանները:

2014 թվականին հաջողությամբ ավարտվել է Գյումրի-2 220 կՎ ենթակայանի ամբողջական վերակառուցման ծրագիրը՝ 14,6 մլն եվրո ծավալով: