Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

02.03.2015

Հանրապետության հարավում մեկնարկել է էլեկտրահաղորդման օդային գծերի շինարարությունը

Հայաստանի հարավում՝ Սիսիանի տարածաշրջանում արդեն սկսվել է  Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի  էներգամատակարարման նոր ենթակառուցվածքների շինարարությունը: Համաշխարհային Բանկի ֆինանսավորմամբ իրականացվող այս ծրագրի շրջանակներում կվերակառուցվեն  «Հրազդանի ՋԷԿ-ը «Շինուհայր 220կՎ ենթակայանին միացնող «Նորադուս, «Լիճք, «Վարդենիս, «Վայք և «Որոտան-1 220 կՎ 225,5 կմ երկարությամբ  էլեկտրահաղորդման օդային գծերն ու 725 հենարանները:

Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային Բանկի հատկացրած վարկով՝ տարեկան 1,85%  տոկոսադրույքով ու 25 տարի մարման ժամկետով, որից 10 տարին արտոնյալ: Աշխատանքների գլխավոր կապալառուն հնդկական «Կալպատառու Փաուեր Թրանսմիշն ընկերությունն է /պայմանագրի գումարը՝ 27,5 մլն. ԱՄՆ դոլար/, պայմանագրի ժամկետի ավարտը նախատեսված է 2016 թվականի մարտին:

«Նորադուս, «Լիճք, «Վարդենիս, «Վայք և «Որոտան-1 220 կՎ օդային  գծերը հանդիսանում են էլեկտրահաղորդման ցանցի հիմնական օղակներից մեկը: Դրանք միացնում են էլեկտրաէներգիա արտադրող հիմնական կենտրոնները՝ «Հրազդանի ՋԷԿ-ը և «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր-ը, և միաժամանակ էլեկտրաէներգիայով են  ապահովում հանրապետության  կենտրոնական-արևելյան շրջանների  սպառողներին:

-Էլեկտրահաղորդման օդային այս գծերը շահագործվում են 1958 թվականից և դրանք վերակառուցելն արդեն անհրաժեշտություն էր, քանի որ հենարանների մետաղն ու բետոնյա հիմքերը քայքայվել էին: Դրանից բացի օդային գծերի անվտանգության գոտում կան բնակելի տներ և այլ կառույցներ, ինչը տեխնիկական կանոնակարգով սահմանված եզրաչափերի խախտում է,- շինհրապարակում լրագրողներին ասել է «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ի տնօրեն Արամ Անանյանը:

Նրա խոսքով իրականացվող ծրագրի արդյունքում կբարձրանա «Կամո, «Լիճք, «Եղեգնաձոր, 220կՎ ենթակայաններից սնվող սպառողների էլեկտրամատակարարման հուսալիությունը, կավելանա էներգահամակարգի կայունությունը, կմեծանա էլեկտրահաղորդման գծերի թողունակությունը և հուսալիությունը Իրանական համակարգի հետ զուգահեռ աշխատանքի ժամանակ: Դրանից բացի՝ զգալիորեն կնվազեն էլեկտրաէներգիայի կորուստները նշված գծերում:

-Այսօրվա դրությամբ ձեռք են բերվել 190 համայնքային, 41 պետական ու մասնավոր սեփականության հողեր, ընդհանուրը՝ 231 հողակտոր: Կատարվել է հողանջատում 152 համայնքային և պետական հողերի համար: Արդեն կնքվել են համապատասխան պայմանագրեր ենթակապալառուների հետ: Կատարվել են 9 հենարանների հիմքերի տեղակայում և գործարանային պատրաստման եղանակով արտադրվել են 43 հենարանների հիմքեր,-ասել է Արամ Անանյանը:- Յուրաքանչյուր օր պետք է կառուցվի 2 հենարան՝ ծրագիրը ժամանակին ավարտելու համար, այնպես որ հնդիկ շինարարները հապաղելու ժամանակ չունեն:

 Հնդկական «Կալպատառու Փաուեր Թրանսմիշն ընկերության ներկայացուցիչ Դհավալ Սուլեի խոսքով՝ իրենց ընկերությունը էլեկտրահաղորդման գծերի մոնտաժային աշխատանքի մեծ փորձ ունի և համարվում է այդ ոլորտի լավագույններից մեկը:

50 տարվա աշխատանքային  փորձ ունեցող ընկերությունն ավելի քան 25 երկրներում էլեկտրահաղորդման գծերի կառուցման շինաշխատանքներ է իրականացրել:                                                                                                           Հայաստանում  առաջին անգամ են աշխատում, բայց Դհավալ Սուլեի հավաստմամբ՝ իրենք բարձր լեռնային գոտիներում աշխատելու փորձ են ձեռք բերել Ուրուգվայում, ուստի Հայաստանի լեռներում առանձնապես մեծ դժվարությունների առաջ չեն կանգնում:

-Մարտին Սիսիան կժամանի հնդիկ շինարարների մի խումբ ևս: Ընդհանուր առմամբ շինարարությանը կմասնակցեն մոտ 300 հնդիկներ: Չնայած բնակլիմայական պայմանների դժվարություններին մենք անելու ենք ամեն ինչ՝ ծրագիրը նախանշված ժամանակում ավարտելու համար,- ասել է Դհավալ Սուլեն:                                                                                                              «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տնօրեն Արամ Անանյանի տեղեկացմամբ՝ «Էլեկտրամատակարարման հուսալիություն» ծրագրի շրջանակներում վերակառուցվելու են նաև էներգահամակարգի կարևոր երկու՝ Շինուհայր և Հրազդան ենթակայանները, որոնք մաշվածության ու քայքայման հետևանքով այսօր լիարժեք չի կարողանում իրականացնել իր գործառույթները:

-Շինուհայր ենթակայանը սպասարկում է ամբողջ տարածաշրջանը, այստեղից էլեկտրամատակարարումը շարունակվում է դեպի Մեղրի, որտեղից էլ հասնում է Իրան: Այսինքն, ենթակայանը շատ կարևոր գործառույթ է իրականացնում և դրա վերակառուցումն ու արդիականացումը հրատապ է: Վերակառուցման ծրագրով ենթակայանը կհզորացվի, սարքավորումները կնորացվեն ու կավտոմատացվեն՝ համապատասխանեցվելով ժամանակակից չափորոշիչներին:

Արդյունքում կունենանք 400 ԿՎ հզորությամբ ենթակայան, որպիսին Հայաստանում դեռևս չկա, ասել է Արամ Անանյանը: