Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

02.03.2015

Գերմանիայում քննարկվել են էներգետիկ ծրագրերը

Էներգետիկայի և բնական պաշարների նախա­րար Երվանդ Զախարյանը,  փետրվարի 27-ին, Գերմանիա կատարած այցի ընթացքում հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Վերականգնման վարկերի բանկի (KFW) խորհրդի անդամ Ռոլանդ Զիլլերի և Արևելյան Եվրոպայի, Կովկասի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Եվա Վիտտի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են KFW բանկի  ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի ընթացքը, մասնավորապես՝ Հայաստան-Վրաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրի երկրորդ փուլը ավելի վաղ ժամկետ տեղափոխելու և առաջին փուլին զուգահեռ իրականացնելու  հարցերը:

Զրուցակիցները կարևորել են  Հայաստան-Վրաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցումը, ինչը մեծ նշանակություն ունի էլեկտրաէներգետիկ համակարգերի տարածաշրջանային ինտեգրման առումով: 2014 թվականի դեկտեմբերի 9-ին KfW բանկի, ՀՀ ֆինանսների նախարարության և «ԲԷՑ» ՓԲԸ-ի միջև կնքվել են «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ)» ծրագրի վարկային և ծրագրային համաձայնագրեր` 75 մլն եվրո և 10,2 մլն եվրո գումարի չափով: Շրջանառվում է Եվրոպական Ներդրումային Բանկի (EIB) կողմից ծրագրի համաֆինանսավորման 10 մլն եվրոյի վարկային համաձայնագիրը: Ծրագրում նախատեսվում է նաև դրամաշնորհային ներդրում ՝ մինչև 10 մլն եվրոյի չափով, որը կհատկացվի Եվրամիության Հանձնաժողովի կողմից Հարևանության Ներդրումային Գործիքի (“NIF”) ներքո:                                     

  Այդ ծրագրի նպատակն է միացնել հայկական և վրացական էներգահամակարգերը` վրացական սահմանի մոտ` Այրումում (Հայաստան) տեղակայվող 500/400/220 կՎ բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանով (վերջնական հզորությունը 1050 ՄՎտ): Հայաստան Վրաստան և Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծերի միացման նպատակով Հրազդանի տարածաշրջանում նախատեսվում է կառուցել նաև 400/220 կՎ լարման ենթակայան:                                                                      Էլեկտրահաղորդման գծի կառուցմամբ զգալիորեն կխթանվի էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային փոխշահավետ համագործակցության զարգացումը, ինչպես նաև կստեղծվի նախապայման` ԱՊՀ երկրների էլեկտրաէներգետիկական համակարգի հետ զուգահեռ աշխատանք կազմակերպելու համար:

Նախարար Երվանդ Զախարյանը շնորհակալություն է հայտնել ԳԴՀ կառավարությանը և KFW բանկին՝ Հայաստանի էներգետիկ բնագավառի ծրագրերի իրականացմանն աջակցելու համար և նշել, որ էներգետիկայի զարգացման ռազմավարության մեջ նախանշված կարևորագույն շատ ծրագրերի իրականցումը նախատեսվում է նաև Հայաստանի և Գերմանիայի կառավարությունների համագործակցության շրջանակներում, KFW բանկի խողովակներով ստացվող միջոցներով:                        

      Ռոլանդ Զիլլերն իր հերթին նշել է,  որ Հայաստանը կարևորագույն գործընկեր է իրենց համար, իսկ էներգետիկ բնագավառը՝ KFW բանկի  ֆինանսավորման առանցքային ուղղություններից մեկը:  Գերմանիա կատարած այցի շրջանակներում նախարար Երվանդ Զախարյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության  տնտեսության և էներգետիկայի դաշնային նախարարության պետքարտուղար Ուվե Բեկմայերի հետ: Քննարկվել են էներգետիկայի բնագավառում հայ-գերմանական համագործակցության վերաբերյալ հարցերը: Երվանդ Զախարյանը ներկայացրել է Հայաստանի էներգետիկ համակարգի ընթացիկ իրավիճակը և զարգացման հեռանկարները: Պետքարտուղար Ուվե Բեկմայերը ևս բարձր է գնահատել էներգետիկայի բնագավառում հայ-գերմանական համագործակցությունը:  Զրուցակիցները գոհունակությամբ նշել են, որ տնտեսական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի շրջնակներում երկու երկրների միջև համագործակցությունը բավական արդյունավետ է:    Նախարար Երվանդ Զախարյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը՝ ՀՀ էներգետիկայի բնագավառում իրականացված և նախատեսվող ծրագրերին շարունակական աջակցության համար:   Ուվե Բեկմայերը նշել է, որ ԳԴՀ  տնտեսության և էներգետիկայի դաշնային նախարարությունը կաջակցի  Հայաստանին՝  վերականգնվող էներգետիկայի բնագավառում ներգրավել նաև գերմանական ընկերություների  ներդրումները: