Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

24.02.2015

Արեւային էներգիայի սակագինը մրցունակ կլինի.Հայկ Հարությունյան

Վերականգնող էներգիայի եւ Հայաստանում դրա զարգացման վերաբերյալ Մեդիամաքսը զրուցել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի հետ:

- Հայաստանը բավականին մեծ սեփական վերականգնվող էներգիայի պաշարներ ունի, որոնց օգտագործումը թույլ կտա բավարարել 2025թ էլեկտրաէներգիայի պահանջարկի մինչեւ 30%-ը: Այդ պաշարների ո՞ր մասն է օգտագործվում եւ ի՞նչ քայլեր են արվում դրանց առավել արդյունավետ օգտագործման ուղղությամբ:

- Հայաստանի  էլեկտրաէներգիայի արտադրության 30 տոկոսից ավելին մենք արդեն ապահովում ենք վերականգնվող աղբյուրներից: Վերականգնվող էներգիայի  ոլորտում այսօր Հայաստանում օգտագործվում են հիմնականում հիդրոռեսուրսները: Մենք ունենք 162 փոքր ՀԷԿ, ինչպես նաեւ երկու խոշոր հիդրոէլեկտրակայանների համալիրները՝ Սեւան-Հրազդան ու Որոտան ՀԷԿ-երի համալիրներ: Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը, որպես քաղաքականություն մշակող մարմին, մի շարք ծրագրեր է իրականացնում եւ նախատեսում իրականացնել՝ Հայաստանում վերականգնվող էներգիայի զարգացման ուղղությամբ մինչեւ 2025 թվականը, եւ վստահեցնում եմ, որ մոտ ապագայում մենք կունենանք այսօրվա էներգահամակարգից շատ տարբերվող էներգահամակարգ:

- Նշեցիք, որ ներկայում վերականգնվող էներգետիկ պաշարներից ամենաշատն օգտագործվում են հիդրոպաշարները: Ի՞նչ ճանապարհով է հնարավոր իրագործել հիդրուժի ողջ իրացումը:

- Նախագծային հզորությունների համաձայն, ներկայում փոքր ՀԷԿ-երից պետք է ստանայինք  830 մլն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա, բայց անցած տարի ստացել ենք 685 մլն կիլովատ /ժամ, ինչը նշանակում է, որ այս ոլորտում որոշակի խնդիրներ ունենք: Խնդիրները տարբեր են՝ տեխնոլոգիական, բնապահպանական եւ տնտեսական: Էներգետիկայի նախարարությունը պատասխանատու է ոլորտի քաղաքականության մշակման համար եւ ցավոք չունի բավարար վերահսկման մեխանիզմներ՝ չարաշահումների դեպքում պատժելու կամ լավ աշխատանքի դեպքում խրախուսելու համար:

Երբ հետադարձ հայացքով վերլուծում ենք առկա վիճակը, երեւի ճիշտ կլիներ գործընթացի սկզբում տեխնիկական ստանդարտները համապատասխանեցնել միջազգային փորձին, եւ թույլ չտալ, որ փոքր ՀԷԿ-երի ներդրողները տեղադրվող սարքավորումներն ընտրեին իրենց հայեցողությամբ: Այսօր արդեն մենք այդ գործընթացը սկսել ենք եւ կարգավորում ենք  ոլորտի իրավական եւ տեխնիկական դաշտերը: Փոքր հիդրոէներգետիկայի քանակական զարգացումն ապահովել ենք: Այսօր մեր խնդիրը որակական զարգացումն է: Նշեցի, որ ունենք 162 փոքր ՀԷԿ եւ մոտ 60-ը ստացել է կառուցման լիցենզիա: Դրանց շինարարությունից հետո կունենանք  փոքր ՀԷԿ-երի կողմից արտադրված մոտ 1 մլրդ ԿՎ/ժամ էլեկտրաէներգիա, որը կբավարարի մեր ընդհանուր պահանջարկի մոտ 15 տոկոսը:
Պետք է հաշվի առնել նաեւ, որ էլեկտրաէներգիայի թերարտադրության համար կան  օբյեկտիվ պատճառներ՝ օրինակ, ջրային ռեսուրսի պակասելու հանգամանքը, ինչը հիմնականում կախված է կլիմայի փոփոխությունից եւ ռեսուրսի ոչ ճշգրիտ գնահատականներից: Դրա համար մեր ջրային ռեսուրսները վերագնահատելուց հետո միայն կարելի է հստակ հաշվարկել հիդրոէներգետիկայի ներուժը Հայաստանում:

Նշեմ նաեւ, որ  Հայաստանի փոքր հիդրոէներգետիկայի զարգացման փորձը միջազգային ասպարեզում համարվում է բավականին հաջողված եւ շատ երկրներ փորձում են ընդօրինակել այն:

- Ներկայումս էներգետիկ նպատակներով խոշոր գետերից մեզանում չեն օգտագործվում Դեբեդ գետը իր Ձորագետ վտակով եւ Արաքսը: Ծրագրեր կային այս գետերի վրա ՀԷԿ-էր կառուցել: Ե՞րբ դրանք կյանքի կկոչվեն:

- Հարավում նախատեսվում է Մեղրի ՀԷԿ-ի կառուցումը՝ իրանական կողմի հետ համատեղ: Ծրագրի նախնական կառուցվածքը հետեւյալն է. իրանական կողմը կատարում է ներդրում, կառուցում է ՀԷԿ-ը, շահագործում 15 տարի՝ իրացնելով էլեկտրաէներգիան, իսկ 15 տարի հետո փոխանցում այն հայկական կողմին՝ որպես սեփականություն, ինչն ընդունված ձեւ է  միջազգային պրակտիկայում: Սկզբում նախատեսվում էր 131 ՄՎ հզորություն կամ տարեկան մոտ 800 մլն ԿՎ/ժամ էլեկտրաէներգիայի արտադրություն, սակայն վերջերս իրանական կողմն առաջարկել է կառուցել 100 ՄՎ հզորությամբ կայաններ՝ պատճառաբանելով ջրային ռեսուրսի նվազումը:  

Հյուսիսում ունենք չօգտագործված ռեսուրս՝ երկու միջին չափի ՀԷԿ-երի ծրագիր՝ Լոռի-Բերդը եւ Շնողը՝ 60 եւ 70  ՄՎ նախնական նախագծային հզորությամբ: Ներկայումս բանակցություններ ենք վարում ներդրողների հետ եւ քայլեր ենք ձեռնարկում ներդրումային փաթեթները թարմացնելու համար: Նախատեսվում է, որ ներդրումային ծրագրերի պատրաստ լինելուց հետո կհայտարարենք միջազգային մրցույթ եւ լավագույն պայմաններ առաջարկող ներդրողին կառուցապատման  լիցենզիա կտրվի: Այս ծրագրերը շատ կարեւոր են մեր էներգահամակարգի  համար, քանի որ հյուսիսում շատ արտադրող կայաններ չունենք:

-Արեւային էներգիայի օգտագործման մասին ի՞նչ կասեք: Վերականգնվող էներգետիկ այս ռեսուրսը որքանո՞վ է արդյունավետ օգտագործվում մեզանում:

- Հայաստանում արեւի էներգիայի մեծ ներուժ ունենք: Արեւային ռեսուրսի օգտագործման հիմնական խնդիրը մինչ այսօր եղել է այդ ոլորտի կապիտալ ներդրման չափը: Վերջին տասը տարիների ընթացքում արեւային ֆոտովոլտայիկ էլեմենտների գինն էապես նվազել է, եւ այսօր տնտեսապես շատ շահավետ է արեւային կայանների կառուցումը: Վերջին 4 տարում այն շուրջ 80 տոկոսով ավելի մատչելի է դարձել: Տարբեր երկրներում արեւային կայաններն արդեն իսկ մրցակցում են ավանդական ջերմային կայանների հետ:

Մենք մշակել ենք հստակ ծրագրեր արեւային էներգետիկայի զարգացան համար: Տարբեր  չափումների համաձայն, գիտենք, որ Հայաստանում կա 6-7 հազար ՄՎ-ի ներուժ, սակայն չենք ուզում, որ վարելահողերն ու գյուղատնտեսական նշանակության հողերը ծածկեն ֆոտովոլտայիկ էլեմենտերով: Նախնական  գնահատականների համաձայն, կարելի է գյուղատնտեսության համար ոչ պիտանի  հողատարածքների վրա կառուցել գրեթե 1000 ՄՎ հզորության կայաններ: Առաջին փուլում կկառուցենք 30-50 ՄՎ՝ հասկանալու համար Հայաստանում այդ տեխնոլոգիաների կիրառման յուրահատկությունները, կլիմայական ազդեցությունը: Դրա համար մեզ պետք է փորձարկման շրջան, որն այս տարի ենք նախատեսում:

Հայաստանի  6 տարբեր կետերում կտեղադրենք արեւային ռեսուրսը գնահատող մետեոկայաններ, որոնց սնուցման աղբյուրը լինելու են ֆոտովոլտայիկ էլեմենտերը: Շուրջ մեկ տարի ուսումնասիրություններ ենք կատարելու միջազգային փորձագետների ներգրավմամբ, որի արդյունքում կկազմենք ներդրումային ծրագրեր ու մրցույթ կհայտարարենք: Այնուհետեւ կընտրենք ներդրողներ ու նրանց կտանք լիցենզիաներ՝ արեւային կայան կառուցելու համար:

Մրցույթի հիմնական չափանիշը լինելու է կիլովատի ցածր գինն ու կայանի արդյունավետությունը: Այս ամենի արդյունքում ուզում ենք ստանալ 1 կիլովատի այն իրական գինը, որը կիրառելի է Հայաստանի համար: 2015-2016 թվականների ընթացքում կապացուցենք, որ մեր ռեսուրսն այնքան լավն է, որ կարող ենք  ունենալ արեւից ստացվող էլեկտրաէներգիայի 1 կիլովատի համար սահմանված ռեկորդային ցածր գին: Համոզված եմ, որ արեւային էներգիայի սակագինը մրցունակ կլինի ջերմային էներգիայից ստացվող սակագնի հետ կամ, նույնիսկ, ավելի ցածր կլինի:  

Արեւային ջրատաքացուցիչները արդեն սկսել են բավականին լայն տարածում ունենալ նաեւ կենցաղում: Այդ տաքացուցիչները տեղադրելով՝ կարող եք խնայել տաք ջրի վրա ծախսվող գումարների մոտ 80 տոկոսը եւ ներդրման հետգնումն  ապահովել 3-5 տարում: Հատուկ այս տեխնոլոգիաների համար հայաստանյան բանկերը  շատ լավ ֆինանսավորման պայմաններ են առաջարկում, որոնք, համոզված եմ, առաջիկայում ավելի շահավետ եւ նպատակային կդառնան: Մեր նպատակն է այնպիսի պայմաններ  ստեղծել Հայաստանում, որ ամեն տանիք դառնա էներգիա արտադրող միկրո-կայան: Դրա փորձը աշխարհում կա եւ վստահ եմ, որ մի քանի ճիշտ քայլերից հետո, մեր մոտ էլ այդ գործընթացը շուտով մեծ թափով առաջ կգնա:    

- Ձեր գերատեսչությունը որքանո՞վ է բաց վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործման ճանապարհների վերաբերյալ ծրագրեր ունեցող անձանց, մասնավոր հատվածի հետ համագործակցելու հարցում:

-Մենք շատ բաց ենք համագործակցության համար: Ներդրողների, ֆինանսական կառույցների հետ հանդիպումներն ամենօրյա բնույթ են կրում: Կարծիքներ եւ առաջարկներ ենք լսում բոլոր կողմերից: Լավ ծրագրեր շատ կան եւ մենք մեր հնարավորությունների շրջանակում սատար ենք կանգնում դրանց: Սակայն, ցավոք, պետք է նաեւ արձանագրեմ, որ Հայաստանում հեղափոխական գյուտեր դեռ չեմ տեսնում: Ինձ մոտ եղել են շատ գիտնականներ, որոնք ներկայացրել են տարբեր ծրագրեր, սակայն գրեթե ոչ մեկը փորձաշրջան չեն անցել, հիմնականում պատենտավորված չեն եւ հեղինակներն իրենք էլ չգիտեն՝ ինչպիսի աջակցություն են ակնկալում:

Իհարկե, եղել են լավ գաղափարներ, լավ ծրագրեր ունեցող ընկերություններ, որոնք էներգետիկայի նախարարության եւ այլ կառույցների հետ համատեղ ծրագրերի շրջանակներում ստանում են գրանտներ՝ փորձանմուշներ պատրաստելու համար: Հուսով ենք, որ հետագայում ավելի կիրառական առաջարկներ կունենանք մասնավոր սեկտորի կողմից:

- Քամու էներգիայի մասին  ի՞նչ կասեք:

-Մենք ունենք բավական լավ քամու ռեսուրս, ինչը, սակայն, հիմնականում բարձր լեռնային տարածքներում է: Այդ հանգամանքը որոշակի լոգիստիկ բարդություններ է առաջացնում: Քամուց էներգիա ստանալու համար անհրաժեշտ մեծ չափերով ու  հզորությամբ (2 մեգավատ եւ ավել) հողմակները գրեթե անհնար է հասցնել անհրաժեշտ վայրերը: Այդ պատճառով պետք է մեր աշխարհագրական առանձնահատկությունները հաշվի առնվեն ներդրողների կողմից: Մեր մասնավոր եւ պետական հատվածի ընկերությունները ներդրումային ծրագրեր ունեն իրանցի, լեհ եւ չինացի ընկերությունների հետ: Եթե հնարավոր լինի դրանք իրականություն դարձնել, ապա կունենանք մոտ 200 մեգավատ հզորությամբ հողմակայաններ մոտակա տարիների ընթացքում: Մեր նախարարությունը ստեղծել է քամու քարտեզ, որը շատ օգտակար գործիք է ներդրողի համար: Ունենք նաեւ հաստատված սակագին եւ արտադրված ամբողջ էներգիայի 20 տարվա պարտադիր գնման պայման:

- Վերջերս Աբու Դաբիում մասնակցել եք Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալության (IRENA) ասամբլեայի hինգերորդ նիստին, որի ժամանակ ներկայացրել եք  Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ոլորտի ներուժը: Ի՞նչ արդյունքներ կարելի է սպասել այդ հանդիպումներից եւ արդյո՞ք դրանք կարող են դիտվել որպես համագործակցության նոր հնարավորություններ:

-Հանդիպումներից լավատեսական տպավորություն ստացա: Քննարկումները ցույց տվեցին, որ միջազգային շուկայում անգամ  նավթի նվազող գները չեն կարող խանգարել վերականգնող էներգետիկայի զարգացմանը: Կարծում եմ, հանդիպումների արդյունքները երկար սպասեցնել չեն տա:   

Հայաստանը պետք է զարգացնի վերականգնող էներգետիկան: Այլընտրանք պարզապես չունենք: Ոչ նավթ ունենք, ոչ էլ գազ: Մեկ անգամ եւս նշեմ, որ այս ոլորտում մեր միակ խնդիրը մինչ օրս եղել է սարքավորումների բարձր գինը: Մենք չէինք կարող մեզ թույլ տալ այնպիսի տեխնոլոգիաների կիրառում, որոնք բացասաբար կազդեին էլեկտրաէներգիայի սպառողական սակագնի վրա: Մեր բնակչությանը մատչելի էլեկտրաէներգիայով ապահովելը մեր բոլորի գերագույն խնդիրներից է: Այսօր այս բնագավառում կա աննախադեպ էժանացում ու արդյունավետության բարձրացում, եւ մենք պետք է օգտվենք այդ հնարավորությունից: Մեր նպատակն է ստեղծել անվտանգ, կայուն, անկախ եւ ինքնաբավ էներգետիկ համակարգ:

Հայկ Հարությունյանի հետ զրուցել է Սիրանուշ Եղիազարյանը

 

http://www.banks.am/am/news/interviews/10449/