Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

09.02.2015

Նախարարը ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչներին

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը փետրվարի 9-ին հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչներ Մարկ Հորթոնի, Ֆրանցիսկո Պարոդի և Թերեզա Սանչեսի հետ: Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Հայաստանի էներգետիկ բնագավառի ռազմավարությունը, մասնավորապես՝ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթներն ապահովող 2014-2020 թվականների միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը: Նախարարը տեղեկացրել նաև, որ Հայաստանն ավարտում է ,,Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և  շրջակա միջավայր,, հիմնադրամին անդամակցության գործընթացը, ինչը հնարավորություն կտա կարևոր ծրագրեր իրականացնել էներգաարդյունավետության բնագավառում:

Երվանդ Զախարյանը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է նաև, որ փետրվարի 5-ին Մոսկվայում ստորագրվել է ,, ՀՀ տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար Հայաստանի կառավարությանը արտահանման վարկ տրամադրելու մասին,, համաձայնագիրը, որի համաձայն ռուսական կողմը կտրամադրի 270մլն ԱՄՆ դոլար արտոնյալ վարկ ու 30մլն. ԱՄՆ դոլար դրամաշնորհ. այդ միջոցները կուղղվեն ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացմանը:

Երվանդ Զախարյանը նշել է նաև, որ Հայաստանի էներգահամակարգի համար կարևոր նշանակություն ունի նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագիրը: Նախատեսվում է այդ աշխատանքները սկսել 2018 թվականին, այնպես, որ նոր էներգաբլոկը շահագործման հանձնվի  2027 թվականին: